British Airways-ը չեղարկելու է Լոնդոն-Թեհրան-Լոնդոն չվերթները

British Airways ընկերության օդանավը վայրէջք է կատարում Հիթրոու օդակայանում, արխիվ, Լոնդոն:

British Airways ընկերությունը հաջորդ ամսվանից չեղարկելու է Լոնդոն-Թեհրան-Լոնդոն ուղիղ չվերթը:

Ընկերության փոխանցմամբ, այդ չվերթը տնտեսական առումով շահավետ չէ: Վերջին չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

British Airways-ը 2012 թվականին է հրաժարվել իրանական ուղղությունից, ինչը պատճառաբանվել է միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Արևմուտքի հարաբերություններում առաջացած ճգնաժամով, սակայն 2016-ին՝ երբ միջազգային տերությունները և Իրանը ստորագրել են միջուկային պայմանագիրը, ընկերությունը վերականգնել է չվերթները:

Միացյալ Նահանգներն այս տարի դուրս է եկել այդ պայմանագրից և վերականգնել է սառեցրած պատժամիջոցները:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե ցանկանում է պաշտպանել եվրոպական ընկերություններին այն դեպքում, եթե դրանք ենթարկվեն ամերիկյան պատժամիջոցներին, սակայն մեծ թվով եվրոպական, այդ թվում բրիտանական ընկերություններ արդեն սկսել են հեռանալ Իրանից: