Քրեական գործ է հարուցվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործության առթիվ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում 2014-2018 թվականներին տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների առթիվ քրեական գործ է հարուցվել:

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վահե Միրզոյանն «Ազատությանը» փոխանցմամբ՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ բուհի 24 ուսանողներ դասի չեն հաճախել, սակայն դրական գնահատականներ են ստացել ու տեղափոխվել հաջորդ կուրս: Ըստ դատախազության՝ նախաքննությամբ պարզվել է, որ բուհի աշխատակիցները կաշառք են վերցրել և այն փոխանցել նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանին: Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար:

«Բուհի լաբորանտը և վարչական մասի գլխավոր մասնագետը նախկին ռեկտոր Դավոյանի հորդորով 2014-18 թվականների ընթացքում բուհի մի շարք ուսանողներից վերցրել են 30-60 հազար դրամ կաշառք և այն փոխանցել Սամսոն Դավոյանին կիսամյակային, ինչպես նաև այլ ավարտական քննությունները ստանալու համար: Եվ նշված գումարներից, որոնք բուհի աշխատակիցները տրամադրել են պարոն Դավոյանին, յուրաքանչյուր տրամադրված գումարի դիմաց ստացել են 10-20 հազարական դրամ», - փոխանցեց Միրզոյանը:

Սամսոն Դավոյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը, մինչդեռ, պնդում է, որ իր վստահորդն անակնկալի է եկել և հարուցված քրեական գործ մասին դատախազության տարածած հաղորդագրությունից է իմացել․ - «Մենք պաշտոնապես որևէ մարմնից կամ անձից որևէ ծանուցում չենք ստացել»:

Նախկին ռեկտորի պաշտպանը պնդում է, որ տարածած հաղորդագրությամբ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը․ - «Մամլո հաղորդագրության այն բովանդակությունը, որը տարածվել է, դա միանշանակ անմեղության կանխավարկածի խախտում է: Մամլո հաղորդագրության մեջ գրվում է, որ բուհի նախկին ռեկտոր Ս․ Դ․-ն և այլն, և այլն, փաստական հանգամանք է, որ կաշառքներ են վերցրել․․․ Ներկայացնում են որպես փաստական հանգամանք, որպես գնահատական, որը կարող է ընկալվել հանրության լայն շրջանակների կողմից որպես վերջնական»:

Դատախազի տեղակալը հակադարձում է՝ անմեղության կանխավարկածի խախտման մասին խոսք լինել չի կարող․ - «Անմեղության կանխավարկածը չի խախտվում: Սա քրեական հետապնդում է սկսվում: Անմեղության կանխավարկածը․․․ եթե մեղադրանք առաջադրվի․․․ այդ դեպքում էլ խնդիր չի առաջանա»:

Ինչ վերաբերում է բուհի նախկին ռեկտորի անուն-ազգանվան հրապարակմանը, Վահե Միրզոյանն ասաց․ - «Եթե բավարար հիմքերը կոնկրետ այդ անձի վերաբերյալ են, ձեռք բերված տվյալները փաստում են այդ անձի կողմից հանցագործությունը կատարելը․․․ հետևաբար այլ տարբերակ չկա»:

Դատախազի տեղակալը տեղեկացրեց, որ հարցաքննվել են և՛ ուսանողները, և՛ բուհի աշխատակիցները, ու նրանց տված բացատրությունները բավարար են եղել հանցագործության փաստով քրեական գործ հարուցելու համար: Այս պահին դեռ որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Սամսոն Դավոյանի շահերի պաշտպանն իրավապահների գործողություններում միտում է տեսնում․ - «Եթե ոստիկանությունը հրավիրում է նյութերի նախապատրաստման ընթացքում առանց քրեական գործ հարուցելու, և պարոն Դավոյանը ներկայանում է, վաղը քննիչին դժվար է լինելու ապացուցել, որ հնարավոր է հրավիրի, և ինքը չգա, և պետք է անձին կալանավորել: Որովհետև փաստական հիմք ունենք, որ անձը ներկայացել է: Եվ որպեսզի էս հիմքը չչեզոքացվի, նրանք որոշել են պարոն Դավոյանից թաքուն էդ ամեն ինչը իրականացնել, քրեական գործ հարուցել, որպեսզի քիչ թե շատ քննիչը կարողանա խափանման միջոցը, օրինակ, կալանքի ձևով ներկայացնել դատարան»:

Քրեական գործի նախաքննությունը հիմա շարունակում է Շիրակի մարզային քննչական վարչությունը: