«Առհասարակ իմ զգացողությունն է, և էս երկու ամսվա մեջ, որ ես շփվում եմ ժողովրդի հետ, ես վստահ եմ, որ Հայաստանում ամենամեծ ուժերից մեկը մենք են լինելու», - ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
2016-ին ոստիկանության Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու մեջ մեղադրվող Վարուժան Ավետիսյանը, ով օրերս կալանքից ազատ արձակվեց, հայտարարեց, որ իրենք պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ դառնալով քաղաքական կյանքի առաջատար մասնակիցներից մեկը։
Ավետիսյանը հավաստիացրեց, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը ըստ էության չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, և որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը։
«Ազատության» հարցին, թե ով կառաջնորդի կուսակցության ընտրացուցակը և արդյոք կմիանան այլ քաղաքական ուժերին, այդ թվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վարուժան Ավետիսյանը դեռևս հստակ պատասխան չտվեց․ - «Համագումարը կհաստատի այդ փաստաթղթերը, այնուհետև, պետական գրանցումից հետո, արդեն կուսակցությունը իր համալրված կազմով կսկսի գործել լիարժեք կերպով, նոր այդ ժամանակ կուսակցությունը կորոշի, իր կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով, թե ովքեր կլինեն ղեկավար կազմում, ցուցակում ովքեր կլինեն, ում հետ կմասնակցեն»:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, նաև ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի ու ռազմամթերքի միջոցով ռազմավարական նշանակության շենքեր գրավելու նպատակ ունենալու մեղադրանքով 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված և թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակված Ժիրար Սեֆիլյանն իր հերթին հայտարարեց՝ նեցուկ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ - «Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր ստեղծելիք ուժը, մենք, մեր բոլոր հնարավորություններով մեջքին ենք կանգնած այսօրվա իշխանություններին: Բոլորը պիտի հասկանան, որ Փաշինյանենց ձախողումը բոլորիս ձախողումը կլինի, անշուշտ հաջողությունն էլ բոլորիս հաջողությունն է: Դեպի հետ քայլ այլևս հնարավոր չէ: Հանկարծ եթե տարբեր կողմերից փորձեր եղան, մեր ժողովուրդը մասնավորապես պետք է իմանա, որ մենք՝ որպես ուժ, ամբողջական նեցուկ ենք այսօր, և նեցուկ ենք լինելու մինչև առնվազն Ազգային ժողովի ձևավորումը»:
Սեֆիլյանը կարծում է, որ այժմ Հայաստանում ստեղծվել են աննախադեպ պայմաններ՝ ձևավորելու լեգիտիմ խորհրդարան։
Նա ընդգծեց, որ միայն արտահերթ ընտրություններից հետո կհստակեցնեն իրենց կուսակցության կարգավիճակը՝ ընդդիմության, թե իշխանության ճամբարում կգործեն․ - «Ընդդիմության տարածքում կլինենք, թե իշխանությունների հետ կոալիցիոն շրջանակում կլինենք, դա կորոշի ժամանակը: Բայց և այնպես, մենք վստահ ենք, որ կունենանք ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ Ազգային ժողով»:
Արձագանքելով երկու տարի առաջ ոստիկանական գունդը գրավելու պատճառների մասին հարցերին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք ապստամբել են Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմի դեմ, ինչի իրավունքը, իր խոսքով, ունեին․ - «Օրինակ ենք ծառայել՝ ակնկալելով, որ ժողովուրդը համապատասխան ձևով և կարգով կմասնակցի: Ժողովուրդը իհարկե ոտքի կանգնեց տասնյակ հազարներով, աջակցեց և այլն, և այլն, բայց ինչ-ինչ պատճառներով զինված բաղադրիչը զարգացում չունեցավ: Դա այլ խնդիր է, որին մեկ այլ առիթով կանդրադառնանք: Ինչո՞ւ գունդը գրավեցինք: Այդ գունդը այն աչքի ընկած մահակն էր, որ անընդհատ ճոճվում էր ժողովրդի գլխին և երբեմն էլ հարվածում էր ժողովրդի գլխին»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չդիմեցին հեղափոխության խաղաղ մեթոդներին այն դեպքում, երբ գունդը գրավելուց երկու տարի հետո Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ - «Այդ ժամանակ, կոնկրետ տվյալ իրավիճակում հնարավոր չէր ոչ զինված մեթոդներով այնպես ազդել համակարգի վրա, որ նա հետագայում արդեն ընկրկի չզինված պայքարի ճնշման առաջ»:
Ավետիսյանը նշեց, որ այսօր չկա այն իրավիճակը, որի դեպքում կարող են կրկին դիմել ապստամբության․ - «Չեմ տեսնում այսօրվա իշխանությունների հետ կապված, անգամ ամենավատ երազում չեմ կարող տեսնել նման մի կերպափոխում այս իշխանության, որ վերածվի նույն երևույթին»:
Ինչ վերաբերում է գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանների խնդրին, Ավետիսյանը ցանկություն հայտնեց հանդիպել նրանց հարազատներին՝ եթե մյուս կողմից լինի ցանկություն։
Ոստիկանական գունդը գրաված զինված խմբի առանցքային անդամը կրկին պնդեց, թե ոստիկան Արթուր Վանոյանը զոհվել է փոխհրաձգության հետևանքով, իսկ մյուս երկու ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի մահվան հետ իրենք կապ չունեն։
Հավելեց, որ քննությունը պետք է պարզի եղելությունը և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դիտարկմանը, որ զոհված ոստիկանների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել հենց ծռերին, Ավետիսյանը հակադարձեց․ - «Դուք բարոյական հարթություն եք մտնում: Ես իրավական հարթության մեջ եմ խոսում»: