Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նախաձեռնել է հարկային բեռի թեթևացում: Երեկ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, վարչապետը խոստացավ նվազեցնել եկամտահարկը, իսկ «միկրոբիզնեսին» փաստացի ազատել հարկերից»:
«Մենք շատ ակտիվորեն քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելը, և բավականին մեծ աշխատանք է կատարված: Հիմա ես կարող եմ ասել մի բան, որ մենք կգնանք հարկային համակարգի պարզեցման և մենք կգնանք եկամտահարկի իջեցման: Եկամտահարկը որոշակիորեն կիջնի: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև այսօր մի քանի սցենարներ կան, թե որոնցով պետք է առաջնորդվենք: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- նախօրեին ասել էր Փաշինյանը՝ շարունակելով․
«Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու: Հարկային օրենսգրքում կլինի ևս մի այսպիսի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի՝ փոքր բիզնեսի (տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող) համար կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ․ փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին այսօր կառավարության նիստից հետո խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ չափով է իջնելու եկամտահարկը, որը բարձրացվել էր Սերժ Սարգսյանի նախագահության վերջին ամիսներին՝ հարուցելով լուրջ դժգոհություններ, և ի՞նչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, թե միկրոբիզնեսի համար լինելու է «համարյա հարկերի բացակայություն»:
«Այսօր քննարկվում են 8-9 սցենարներ, այս պահին չէի ցանկանա դրանք բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, որոնք վերաբերում են այն բանին, թե կոնկրետ եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ամեն սցենարով ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրվում: Կան նաև երկրոդ մասը, թե օրենսդրության մեջ այդ կորուստների փոխհատուցման համար ինչպիսի գործիքակազմ պետք է փոխվի»,- պատասխանեց Դավիթ Անանյանը:
Միկրոբիզնեսին հարկերից փաստացի ազատելու վերաբերյալ ՊԵԿ ղեկավարը մանրամասներ չհայտնեց՝ դարձյալ պատճառաբանելով, թե քննարկումները շարունակվում են: «Որոշումները կլինեն մոտ օրերս: Սեպտեմբերին, համենայն դեպս, կառավարությունում արդեն կունենանք միասնական դիրքրոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն՝ մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի, դրանք կարող են լինել ժամանակագրական՝ փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2019-ի հունվարի 1-ից, 2019-ի կեսից, 2020-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ մենք հանրությանը կներկայացնենք հստակ օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,- ասաց Դավիթ Անանյանը:
Դավիթ Անանյանի գլխավորած կառույցն, ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո նկատելի առաջընթաց է գրանցել հարկահավաքման գործում: Այս տարվա հունիսին պետբյուջե է փոխանցվել 150,7 միլիարդ դրամ հարկ ու տուրք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 59,1 տոկոսով ավելին է: Իսկ այս տարվա հուլիսին հավաքագրվել է 136 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 48,4 տոկոսով ավելի շատ:
Արդեն վեց տարի Հայաստանում ապրող, այստեղ շինարարությամբ ու փայտավերամշակմամբ զբաղվող սիրիահայ գործարար Հրայր Ակիլյանի խոսքով՝ անչափ կարևոր է, որ կառավարությունն, ի վերջո, սկսեց ուշադրություն դարձնել փոքր բիզնեսին: Գործարարի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ ծրագիրը ողջունելի է:
«Եթե խորքին նայեք, ամենաճիշտ բանն է, որ տնտեսությունը փոքր և միջին բիզնեսի վրա լինի հիմնված: 2008 թվականի միջազգային ճգնաժամն ազդեց հենց այն երկրների վրա, որոնց տնտեսությունը մեծ բիզնեսների վրա էր հիմնված: Բայց փոքր ու միջին բիզնես վրա հիմնված երկրները չազդվեցին, օրինակ՝ Գերմանիան: Այդպես էլ Հայաստանի մեջ պետք է լինի․ եթե ուզում ենք երկիրն առաջ տանել, պետք է զարգանա փոքր և միջին բիզնեսը»,- ասաց սիրիահայ գործարարը: