ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ ՄԻՊ հաղորդագրության, այցը կատարվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա։

«Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու ընթացակարգը, անվճար իրավաբանական օգնությունից օգտնվելու հնարավորությունը և այլն», - ասված է հաղորդագրությունում։

Բարձրացվել են խնդիրներ նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի վերաբերյալ:

ՄԻՊ գրասենյակը նշում է, որ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք մտահոգություն են հայտնել նաև առողջական խնդիրների և տրամադրվող բուժօգնության վերաբերյալ:

Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: