«Հյուսիս-հարավի» Թալին-Գյումրի հատվածի շինարարները գործադուլ են անում, պահանջում են բարձրացնել աշխատավարձը

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մի քանի տասնյակ տեղացի աշխատողներ 7 օր է գործադուլ են հայտարարել: Նրանք նաև փակել են ընկերության՝ Մարալիկում գտնվող գրասենյակ տանող ճանապարհն ու պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Պնդում են՝ ամենածանր աշխատանքն իրենք են կատարում, բայց ամենացածր վարձատրությունն են ստանում:

«420 դրամ՝ մի ժամի դիմաց, աշխատում ես 10 ժամ՝ 4200 դրամով, բայց ինչ աշխատանք ես կատարում: Ինչ ասում ես՝ չեն համաձայնում, հակաճառելու իրավունք չունես, պիտի գլուխդ կախ ստրուկի պես ինչ ասում են՝ անես»,- բողոքում եին աշխատողները:

Բողոքողները մատնացույց են անում Աշտարակ-Թալին հատվածը կառուցող իսպանական ընկերությունն ու հարցնում․ «Ինչո՞ւ են մի հատվածում աշխատողները բարձր աշխատավարձ ստանում, իսկ մյուսում՝ ցածր: Էնտեղ մինիմումը ժամի դիմաց 700 դրամ են ստանում, 700-ից սկսվում է»: Աշխատողները նաև պնդում են, որ չինական ընկերությունն իրենց աշխատանքի անվտանգությունը չի ապահովում․ «10 մետր բարձրանում ես, ամրագոտի չկա»:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լուի Մինգջիան, մինչդեռ, պնդում է, որ բողոքն անհիմն է, և յուրաքանչյուրը վարձատրվում է ըստ իր կատարած աշխատանքի:

«Բնական է՝ ամեն մարդ ուզում է, որ իր աշխատավարձն ավելի ու ավելի բարձրանա: Բոլորս էլ ուզում ենք, որ աշխատավարձը բարձր լինի: Բայց իրենք ուզում են և՛ աշխատել, և՛ աշխատավարձի բարձրացում են պահանջում, և՛ բողոքի ակցիա են անում: Իրենք ցանկանում են, որ աշխատավարձերը բարձրանան, բայց մեր հնարավորության սահմանն էլ դա է:

Իրենց աշխատանքը ոչ մի մասնագիտություն չի պահանջում․ գալիս են այստեղ ու նոր սովորում: Մեր մասնագետներն են իրենց սովորեցնում աշխատել, ամբողջն այստեղ են սովորում: Աշխատավարձերը հավասար չեն, մեկինը բարձր է, մյուսինը՝ ցածր: Մի՞թե նորմալ չէ, եթե սովորական բանվորը 170-180 հազար դրամ աշխատավարձ ստանա»,- ասում է Լուի Մինգջիան:

Բողոքողները, սակայն, չեն պատրաստվում հետ կանգնել իրենց պահանջներից ու հայտարարում են՝ կշարունակեն գործադուլը: Վաղը նրանք մտադիր են իրենց բողոքը ներկայացնել կառավարությանը: