2008-ի հավաքները խաղաղ էին, հրապարակի վրա հարձակվեցին․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրույցել ենք 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից: Ստորև ներկայացնում ենք զրույցի վերծանման մի հատված, ինչպես նաև ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս կգնահատեք ընտրակեղծիքների ծավալը: Արդյո՞ք դրանք էական են եղել, որոշիչ են եղել:

Թաթոյան․ - Այո, խախտումներ եղել են և ընտրակեղծիքներ եղել էին այն ժամանակ: Դա էր նաև պատճառը, որ դարձել էր դժգոհության առիթ:

«Ազատություն»․ - Էակա՞ն ծավալի: Օրինակ՝ Տեր-Պետրոսյանի 21 տոկոսը որքա՞ն էր մոտ իրականությանը:

Թաթոյան․ - Չէ, չէր կարող Մարդու իրավունքների պաշտպանը այդպիսի գնահատական տալ: Բայց ակնհայտ էր, որ կային այդ խախտումները:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս կբնորոշեք Մարտի 1-ի առավոտյան գործողությունը Ազատության հրապարակում:

Թաթոյան․ - Մեր բնութագրմամբ, այդ առավոտյան պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով ոստիկանության ստորաբաժանումները հարձակում գործեցին խաղաղ ցուցարարների վրա: Պաշտոնական հաղորդագրություններով, ընդ որում՝ դարձյալ հակասություններով, մի դեպքում հայտարարվում էր, որ ցուցարարների մոտ առկա են զենք-զինամթերք, մի դեպքում՝ որ մետաղյա ձողեր և այլն:

«Ազատություն»․ - Իսկ հրապարակ մտել էին դրանք որոնելու․․․

Թաթոյան․ - Այո: Ոստիկանությունը նաև հաջորդող չորս շերտով փողոցների շրջափակում էր իրականացրել: Ակնհայտ էր՝ որպեսզի մարդիկ լրացուցիչ չկարողանային մուտք գործել հրապարակ: Այս ամենը, իհարկե, հանգեցնում էր ոստիկանության գործողությունների անօրինականության մասին եզրահանգման:

«Ազատություն»․ - Դուք այժմ կարո՞ղ եք պնդել, որ այդ հավաքները խաղաղ են եղել՝ ի հակառակ այն ժամանակվա իշխանության պնդումների:

Թաթոյան․ - Իհարկե։ Ես շատ լավ հիշում եմ, երբ Մարդու իրավունքների հանձնակատարը այն ժամանակ՝ Թոմաս Համմարբերգը, Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում: Ես ինքս մասնակցել եմ այդ հանդիպումներին: Մենք հանդիպեցինք նրա հետ այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ, ներկայացրեցինք բոլոր խնդիրները և նաև մեր եզրահանգումների հիման վրա էր, որ միջազգային կառույցները նույնպես արձանագրեցին, որ այո՛, հավաքները խաղաղ էին: Իհարկե, հնարավոր է, որ նաև լինեին, որոշակի՝ ասենք զեկույցում այդպես էլ ձևակերպել էինք՝ սադրիչներ, զենքով և այլն, բայց դա այն աստիճան չէր, որ մենք եզրահանգում անենք, որ ամբողջ հավաքն էր անօրինական: Մենք նշում էինք, որ կարելի էր կանխարգելել: Եվ միջազգային չափանիշներն են այդպես՝ դու պարտավոր ես ամեն ինչ անել՝ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող է զենք գործադրեն և հավաքը ցրելը կամ դադարեցնելը պետք է լինի որպես ծայրահեղ կամ բացառիկ միջոց:

«Ազատություն»․ - Հետևաբար չկա՞ր արտակարգ դրության անհրաժեշտությունը:

Թաթոյան․ - Արտակարգ դրության ռեժիմը, թեև կարող էր այդ ժամանակ դիտարկվել որպես անհրաժեշտ, բայց դա չկատարեց իր առջև դրված նպատակները, այսինքն՝ այն բևեռացումը, որ կար, այդ լարվածությունը, որ կար՝ չդադարեց:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ, եթե ցուցարարները խաղաղ էին:

Թաթոյան․ - Դե, որովհետև արդեն Մարտի 1-ի երեկոյան իրադարձությունները շատ ավելի վերահսկողությունից դուրս էին գալիս: Միգուցե՝ դրա համար:

«Ազատություն»․ - Բանակի ներգրավմանը անդրադարձե՞լ եք:

Թաթոյան․ - Բանակի ներգրավմանը զեկույցում, այդ իմաստով կատարված չէ, որովհետև զեկույցի նպատակը չէր դա այդ ժամանակ, բայց մարդու կյանքի իրավունքի տեսանկյունից զեկույցում խիստ քննադատության է արժանանում և այն ժամանակ դեռ հրապարակային տեղեկություններ կային, որ գործադրված զենքը բավարար չէր, որպեսզի ապահովագրվեին կյանքի իրավունքի խախտումները: Այսինքն՝ դրանք նախատեսված չէին այդ իրավիճակում գործելու համար:

«Ազատություն»․ - Եվ երկրորդը հարցը, որ Ձեզ կարող են ասել՝ ինչո՞ւ նախկինում չէիք ասում այս մասին:

Թաթոյան․ - Ինչո՞ւ չենք ասել: Բոլոր զեկույցները վերցրեք՝ Մարտի 1-ի իրադարձությունները մշտապես նշվում են և քննադատվում էր այն փաստը, որ հրապարակայնության պակաս կար: Իհարկե, սա փոխվել է այսօր, բայց 2017 թվականի զեկույցում, որը ես կազմել և խորհրդարան եմ ուղարկել 2018թ․ մարտի 31-ին, ես նշել եմ այս գործը, որպես հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործ: