Կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին. ԱՆ

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը:

Ըստ հաղորդագրության, Հայաստանում ամեն տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը:

Նախարարությունը նշում է, որ 2018 թվականի սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 բերովի դեպք (հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ):

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն` աշխարհում շարունակվում է կարմրուկի տարածումը: Վարակի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել նաև Եվրոպայի մի շարք երկրներում` 2018 թվականի առաջին կեսին ավելի քան 41 հազարմարդ է հիվանդացել կարմրուկով: Սա գրեթե կրկնակի գերազանցում է վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը: Ամենից շատ` 23 հազար դեպք գրանցվել է Ուկրաինայում: Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: Միաժամանակ, մասնագետները հորդորում են արտասահման մեկնելիս անպայման հաշվի առնել տվյալ երկրում առկա համաճարակային իրավիճակը` կանխավ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով», - ասված է հաղորդագրությունում: