Թուրք-ամերիկյան հարաբերություններում կռվանխնձոր դարձած՝ ամերիկացի բողոքական պաստոր Էնդրյու Բրանսոնի փաստաբանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու նրա գործով թուրքական դատարանի որոշումը:
Իզմիրի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանն անցած շաբաթ կրկին մերժել էր Բրանսոնին տնային կալանքից ազատելու և երկիրը լքելու արգելքը վերացնելու մասին փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի ներկայացրած միջնորդությունը: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ պաստորի փաստաբանը նշել է, որ Սահմանադրական դատարան կդիմեն՝ նախորդ ատյանի մերժումը գրավոր տեսքով ստանալուց հետո:Հալավուրտը հույս է հայտնել, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, հայցին դրական լուծում կտա, այլապես ստիպված կլինեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Շուրջ երկու տասնամյակ Թուրքիայում բնակվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ձերբակալվել է 21 ամիս առաջ և կալանավորվել ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով: Ինքը՝ Բրանսոնը կտրականապես հերքում է այդ պնդումները, իսկ պաշտոնական Անկարան համառորեն մերժում է պաստորին ազատ արձակելու՝ Վաշինգտոնի պահանջները: Արդյունքում, ավելի քան երկու շաբաթ է՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն աննախադեպ լարված շրջան են ապրում, որն ուղեկցվում է փոխադարձ պատժամիջոցների սահմանմամբ, մեղադրանքներով ու սպառնալիքներով:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոյթերզին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում զիջումների գնալ: «Կարծում եմ՝ այն, ինչ անում է Թուրքիան, շատ ցավալի է: Նրանք սարսափելի սխալ են գործում: Ոչ մի զիջում չի լինելու»,- ասել էր Թրամփը՝ թուրքական իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատել ամերիկացի պաստորին:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էլ, կրկնելով Թրամփի պնդումը, հայտարարել է, որ երկու երկրների միջև առաջացած թեժ կրքերը կհանդարտվեն միայն այն ժամանակ, երբ Բրանսոնն ազատ արձակվի:
«Թուրքական իշխանությունները մեծ սխալ են գործում և ամեն օր շարունակում են նույն սխալը: Որպես ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից և Արևմուտքի մաս կազմող երկիր, եթե Թուրքիան ճիշտ վարվի ու պաստոր Բրանսոնին առանց նախապայմանների ազատ արձակի, այս ճգնաժամն անմիջապես կհարթվի»,- ասել է Բոլթոնը: