ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր»-ին տուգանեց 10 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամով։

Տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀԾԿՀ այսօրվա նիստում։

«Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 միլիոն դրամի չափով, որոշեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 միլիոն դրամ գումարի չափով», - ասված է հաղորդագրությունում։