«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի երեկվա հայտարարությունն ինքնապաշտպանության փորձ էր:
Ըստ Իոաննիսյանի, հանրությունը նախկին իշխող կուսակցությանը մայիսի 8-ին մեկ անգամ արդեն պարտադրել է համար անցանկալի որոշում՝ վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին․ - «Եվ հիմա իրենք տեսնում են, որ նորից հասունանում է վիճակ, որ կարող է հանրությունը իրենց այլ որոշում էլ պարտադրի: Եվ իրենք փորձում են առավելագույնը դիմադրել»:
Երեկ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնում էր իր մտահոգությունը երկրում ստեղծված իրավիճակի մասին:
«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են», - մասնավորապես նշել էր Արա Բաբլոյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Փաշինյանի կառավարության նպատակն է թալանվածը հետ բերելը, և Բաբլոյանի մտահոգությունները ոչ թե երկրում օրինականության ապահովման, այլ սեփական դիրքերը պահելու տեսակետից է պետք դիտարկել․ - «Եթե իշխանությունը կորցրել է, ապա հաջորդ փուլը դա գոնե անձնական ունեցվածքը, այն, ինչ որ կուտակվել է այս տարիներին՝ տնտեսական ռեսուրսներ և այլն, դրանք պահպանելն է»:
Հիշեցնեմ, կառավարության 100 օրն ամփոփելու համար հանրահավաք հրավիրած վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ թեև հրաժարվել է դատական իշխանությանը հրահանգներ տալուց, սակայն դա չի նշանակում, որ որոշ դատավորները պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ իշխանություններից․ - «Նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:
Անդրադառնալով օգօստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին՝ Բաբլոյանը դրանք ճնշումներ է որակում․ - «Ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ: Սրան զուգահեռ դատավորների հասցեին մատ թափ տալը, այլախոհներին Ազգային անվտանգության ծառայությամբ սպառնալը ոչ միայն ճնշում է դատական իշխանության [նկատմամբ], այլև առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ»:
Դանիել Իոաննիսյանը նախկին իշխանությունների ժամանակ դատական համակարգի վրա գործադրած ճնշումը «զանգով ճնշում» է որակում, երբ կար այս կամ այն որոշումն ընդունելու հստակ հրահանգ․ - «Ինչով է տարբերվում զանգով ճնշում գործադրելը հրապարակում հայտարարությունից: Հրապարակում հայտարարությունը դա միգուցե քաղաքական ճնշում է կամ հանրային ճնշման ինչ-որ ապահովման մեխանիզմ է, բայց գործնականում դա ճնշում է առանց հետևանքների»:
Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում նաև Փաշինյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասին: Հիշեցնեմ, վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում են նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պարտադիր չի լինի իր հրաժարականը: Արտահերթ ընտրություն հնարավոր կլինի անցկացնել նաև Ազգային ժողովի ինքնալուծարման հետևանքով:
«Ինձ համար սա առավել անսպասել է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների և որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում», - նշել է Ազգային ժողովի նախագահը:
Նիկոլ Փաշինյանի այդ հատրարարությունը Բաբլոյանը օրենսդիրի վրա ճնշում է համարում:
Փաշինյանի նպատակը, Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությամբ, ոչ թե իշխանությունը պահելու փորձ է, այլ արտահերթ ընտրությունները չվտանգելու: Եթե վարչապետը հրաժարական տա, և Ազգային ժողովի մեծամասնությունը նոր վարչապետ ընտրի, արտահերթ ընտրություններ չեն կայանա:
«Իսկ արտահերթ ընտրությունները մեզ օդ ու ջրի պես պետք են: Արտահերթ ընտրությունները դա այն մեխանիզմն է, որով պետք է ի վերջո Հայաստանի քաղաքացիները լեգիտիմորեն արտահայտեն իրենց կամքը: Եվ եթե ինչ-որ վտանգ կա, որ կարող են խորհրդարանական ուժերը տապալել արտահերթ ընտրությունների այդ սցենարը, ապա իրոք պետք է ապահովել մեխանիզմներ, որպեսզի դա չտապալվի»:
Բաբլոյանն իր ելույթում նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պատրաստվում է հանդիպումներ ունենալ վարչապետի, նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Ազգային ժողովի հանրապետական նախագահի ելույթն ամենևին ռևանշի փորձ չէ․ - «Բաբլոյանը առաջարկում է արդյուհանդերձ պայմանավորվել և Նիկոլ Փաշինյանի տողակատով մեսիջ է հղում, որ պետք չէ անցնել կոշտ գործողությունների փուլի, խորհրդարանում իրականում դիմադրություն չի լինելու հեղափոխության օրակարգին և հնարավոր է պայմանավորվել»:
Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Բաբլոյանի հայտարարությունը չեն մեկնաբանում: Մեկնաբանությունից հրաժարվեց նաև «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը: