«Ընտրություններին մասնակցում եմ հաղթելու համար»․ Արարատ Զուրաբյան

Արարատ Զուրաբյան, արխիվ

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին «Հայոց համազգային շարժման» կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը հայտարարում է՝ ընտրություններին գնում է հաղթելու նպատակով: «Մասնակցում եմ հաղթելու համար և համոզված եմ, որ հաղթելու եմ այս ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը։

Վերջինս, հիշեցնենք, 1996-2002 թվականներին եղել է Երևանի «Կենտրոն» համայնքի ղեկավարը: Այսօր Զուրաբյանը վստահեցրեց՝ քաջատեղյակ է մայրաքաղաքի խնդիրներին և պատրաստ է ստանձնել քաղաքապետի պաշտոնը: «Առաջնային խնդիրը Երևանի եկամուտներն ավելացնելն է։ Առաջնային խնդիր է, որ իշխանության գա մարդ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում առճակատվել կառավարության հետ, բայց Երևանի շահը պաշտպանի: Երևան քաղաքը պետք է կառավարվի ոչ թե կառավարության կողմից, այլ Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։ Սրա գիտակցումը շատերը չունեն»,- ասաց Զուրաբյանը։

Այս պահին հայտնի է քաղաքապետի թեկնածուի 8 անուն՝ ՔՊ- ի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից առաջադրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, ՀՀՇ-ինը՝ Արարատ Զուրաբյանը: «Երկիր Ծիրանիի» թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Գալան» առաջադրել է Անահիտ Թարխանյանի, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժողովրդավարական ուղին»՝ Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել է նաև ՀՅԴ-ն, սակայն կուսակցությունը քաղաքապետի թեկնածուի անունը դեռ չի հրապարակել:

Արարատ Զուրաբյանը, ով նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ որոշեց ՀՀՇ-ի անունից հանդես գալ, այդպիսով առանձնանալով «Ծառուկյան» դաշինքից, հետևյալ պատասխանը տվեց․ յուրաքանչյուր կուսակցություն իր որոշումն է կայացրել, և այն, որ իրենք խորհրդարանում մեկ հարթակում են հանդես գալիս, չի նշանակում, որ նույն ուժն են։ Իրենք ներկայացնում են տարբեր ուժեր՝ «բարեկամ, սակայն քաղաքական տարբեր ուժեր»։

Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն ընտրություններին մասնակցելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ Արտահերթ ընտրությունների քարոզարշավը կարճ է տևելու՝ սեպտեմբերի 10-ից մինչև 21-ը։

Երևանի քաղաքապետի աթոռը, հիշեցնեմ, թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ ՀՀԿ-ական մեծամասնությամբ ավագանին։