«Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) պողպատի և ալյումինի համար ԱՄՆ-ի սահմանած հավելյալ մաքսատուրքերի հարցով», - տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Թուրքական իշխանությունները պնդում են, թե Սպիտակ տան գործողությունները հակասում են Առևտրի համաշխարհային կազմակերպության Մաքսատուրքերի և առևտրի համընդհանուր համաձայնագրի դրույթներին: Ըստ ընթացակարգի, եթե առաջիկա 60 օրվա ընթացքում կողմերը համաձայնության չգան, Թուրքիայի բողոքը կփոխանցվի կազմակերպության վիճաբանությունների վարչություն:
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 50 տոկոսով բարձրացվեց Թուրքիայից ներմուծվող պողպատի և 20 տոկոսով ալյումինի մաքսատուրքը: Սպիտակ տունը հայտարարեց, թե այս քայերը բխում են երկրի ազգային անվտանգության շահերից և ամենևին կապ չունեն Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով ազատազրկված ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հարցի հետ:
Անկարայի պատասխանը չուշացավ: Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշմամբ վերանայվեցին ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քան 22 անուն ապրանքների մաքսատուրքերը: Ընդհանուր առմամբ, ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացվել են շուրջ 533 մլն դոլարի չափով:
Տնտեսական պատերազմի վերածված թուրք-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ այս ճգնաժամի մոտալուտ հանգուցալուծման ազդանշաններ առայժմ չեն նկատվում: Նախօրեին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում զիջումների գնալ:
«Կարծում եմ, այն, ինչ անում է Թուրքիան, շատ ցավալի է: Նրանք սարսափելի սխալ են գործում: Ոչ մի զիջում չի լինելու», - ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ իրեն բացարձակ չի մտահոգում, թե Միացյալ Նահանգների ձեռնարկած քայլերը ինչպես կազդեն Եվրոպայի և այլ երկրների տնտեսության վրա:
Թրամփը նաև նշել է, թե սիրում է «Թուրքիան ու թուրք ժողովուրդին և մինչև օրս շատ լավ հարաբերություններ է ունեցել նախագահ Էրդողանի հետ»․ - «Սակայն դա չի կարող միակողմանի լինել: Միակողմանի ճանապարհները ԱՄՆ-ի համար այլևս անընդունելի են»:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահը ուշագրավ բացահայտում է արել, թե Էրդողանի հետ պայմանավորվել էին բողոքական քահանա Բրանսոնի ազատ արձակման դիմաց միջնորդել, որպեսզի Իսրայելում ազատ արձակվի Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը:
«Էրդողանի համար ապահովեցի Օզքանի ազատությունը։ Ակնկալում եմ, որ նա թույլ կտա Թուրքիայից դուրս գալ այդ անմեղ, հիանալի մարդուն, որը հրաշալի հայր ու քրիստոնյա է», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնի մերժել է քահանա Բրանսոնի ազատ արձակման դիմաց Անկարայի առաջարկած նոր պահանջները, այն է՝ թուրքական պետական Հալքբանկին ազատել մի քանի միլիարդ դոլարի հասնող տուգանքներից, որոնք Վաշինգտոնը սահմանել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար: Ամերիկյան իշխանությունները, սակայն, հայտարարել են, թե նման հարցեր կքննարկեն միայն, երբ Բրանսոնը ազատության մեջ կլինի: