Երևանում բացվել է ավստրալահայ նկարիչների ցուցահանդես

Ժամանակակից արվեստի թանգարանում «Անդրադարձ» խորագրի ներքո այսօր բացվեց ավստրալահայ գեղանկարիչների ցուցահանդես, որտեղ 20 նկարիչների 100 աշխատանք է ներկայացված:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով, ավստրալահայ նկարիչներն առաջին անգամ չէ, որ ներկայանում են մեր արվեստասեր հանրությանը:

«Առհասարակ, բավական մեծացել է Հայաստանում իրենց արվեստը ներկայացնել ցանկացող սփյուռքահայ արվեստագետների թիվը», - ասաց Նունե Ավետիսյանը: - «Առաջին անգամ իրենք [ավստրալահայ նկարիչները] մեզ մոտ ունեցան երկու տարի առաջ, իրենցից շատերը ընդհանրապես առաջին անգամ էին Հայաստանում լինում: Եվ այդ ժամանակվանից ստեղծվեց նոր բարեկամություն Ավստրալիայի հետ: Այսօր իրենք բացելու են ցուցահանդես՝ «Անդրադարձ», որը իրենք նվիրում են Առաջին Հանրապետության հարյուրամյակին, Երևանի 2800-ամյակին»:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսը գործելու մինչև օգոստոսի 28-ը․ - «Որովհետև իրենք գնալու են նաև Շուշի, այնտեղ էլ են անելու ցուցահանդես»:

Ուշագրավ է, որ սփյուռքահայ գեղանկարիչները, մասնավորապես ավստրալահայ այս արվեստագետները լուրջ բարդություններ են հաղթահարում իրենց աշխատանքները Հայաստան հասցնելու և ցուցադրելու համար, բայց համոզված են, որ ոչ մի դեպքում չի կարելի ընկրկել հայրենանվեր այս գործից:

Ցուցահանդեսը կազմակերպել է Ավստրալիայի Համազգայինի գեղարվեստական խորհուրդը: Ցուցահանդեսի համադրողը գեղանկարչուհի Շաքե Վարդանյանն է: Նա այս անգամ մի ուշագրավ գեղանկարով է ժամանել Հայաստանը: Գեղանկարն իրոք անդրադարձ է մեր երկրում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Թող լույս լինի սրտերում» խորագրով իր գեղանկարը, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանը՝ ժայռի տակ նստած, գեղանկարչուհին «աղոթք» է անվանում․ - «Մի ժայռ ժայռի տակ աղոթում ա․․․ Հայր մեր, թող լույս լինի: Լույսը որպես Քրիստոսի լույս, սրտի լույս: Լինի սրտերում, որ բոլորս համագործվենք իրար հետ: Ես էդ մտքով եմ արել»:

Շաքե Վարդանյանը ցավով նշում էր, որ այս անգամ ցուցահանդեսում ներկայացված նկարիչներից շատերը չեն կարողացել ժամանել Հայաստան․ - «Այս անգամ շատ-շատ դժվար էր, որովհետև 18 արվեստագետ․․․ Ես ու ամուսինս, մեր ատենապետը, մենք ենք իրենք աշխատանքները բերել: Ես շատ հպարտ ենք էս գործը անելով: Մոտ չորս-հինգ հոգին կան, որ կգան, բայց մնացածը չկարողացան: Բայց երկու հյուր արտիստ ունենք: Մեկը Անի Ռոզ Նահապետյանն է Հոլանդիայից, մյուսը Շարիս Ղարիբյանը Ֆրանսիայից»:

Անի Ռոզ Նահապետյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայրենիքում իր ստեղծագործությունները ցուցադրելու հնարավորությանը՝ ասաց, որ իր և շատ ու շատ այլ սփյուռքահայ արվեստագետների համար իրոք մեծ հպարտություն է այստեղ ճանաչման արժանանալը․ - «Սա առաջին անգամը չէ ինձ համար: Արդեն երրորդ թե չորրորդ անգամն է: Եվ շատ ուրախ եմ: Եթե կանչում են, զգում եմ, որ մենք միասնաբար աշխատում ենք, ջանում ենք, որ միտքը առաջ տանենք Հայաստանում»:

Անի Ռոզ Նահապետյանը ոչ միայն Երևանում է ցուցադրել իր ստեղծագործությունները, այլև Գյումրիում, որտեղ համատեղ ներկայացված են եղել տասնյակ ու տասնյակ երկրներից ժամանած արվեստագետների աշխատանքներ:

«Արվեստի լեզուն ընդհանուր է բոլորի համար, համայն մարդկության համար», - համոզված է Անի Ռոզ Նահապետյանը: