Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, այս հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը երկրում աճել է 11.1 տոկոսով:
Այս տարվա առաջին յոթ ամսվա տվյալները փոքր-ինչ համեստ են, սակայն ընդհուպ մոտեցել են երկնիշ աճին: Ըստ ԱՎԾ-ի, 2018 թվականի հունվար-հուլիսին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունը կազմել է 9.3 տոկոս: Իսկ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի համեստ էր՝ 8.9 տոկոս:
Այն, որ տնտեսական ակտիվությունը վերելք է ապրում, փաստել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ի իր էջում նշելով․ - «Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է»:
Հայաստանի վարչապետը շարունակել է․ - «Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարևոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված և շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ օրինական և հավասար դաշտում»:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, նման բարձր թվերը վկայում են, որ գործարար հանրությունը դրական է արձագանքել հայաստանյան հեղափոխությանը․ - «Մենք քաղաքական այն ազդեցությունը, որ բացասական առումով կար տնտեսության վրա, կարծես թե այլևս չկա դա: Եվ հիմա տնտեսության մեջ գործող սուբյեկտները վստահություն են զգում, կամ զգում են, որ քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ոչ թե կլինի բացասական, այլ կլինի դրական, և այդ առումով դրական սպասումներ կան»:
Փոքր ու միջին գործարարների ներկայացուցիչ, «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանի խոսքով, հայաստանյան հատկապես փոքր ու միջին բիզնեսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ակնկալում է Հարկային օրենսգրքի փոփոխություններ:
«Կաշառակերության առումով, կարելի է ասել՝ լրիվ զրո, ընդհանրապես չկա: Նույնիսկ մի թեթև՝ մաղարիչներ, բաներ, դրանք էլ գոյություն չունեն: Բայց ունենք խնդիրներ իրարկե, որովհետև ունենք ժառանգած շատ բարդ օրենսդրություն, շատ բարդ արարողակարգեր: Օրինակ, հիմա մաքսազերծում ենք անում, արդեն մոտ 13 օր անցել է, հուսով ենք, որ գոնե 20 օրից մաքսազերծումը կավարտենք, այդտեղ էլ խնդիր ունենք ԵԱՏՄ-ի պահանջների հետ: Առաջ այնպիսի քաղաքականություն է տարվել, որ հայ բիզնեսմենը աշխատել է ամենաբարդ ձևերով: Հիմա նոր կառավարությունից մենք հույսեր ունենք, որ այս ամեն ինչը փոխվելու է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Գործարարի խոսքով, հեղափոխությունից հետո նոր իշխանությունների ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր եղավ իրապես ազատականացնել հայաստանյան շուկան, վերջ տալ տասնամյակներով գոյություն ունեցած մենաշնորհներին․ - «Իրականում ընկերներ ունենք, որ այսօր ներկրում են այն, ինչ չէին կարող առաջ ներկրել: Եվ ոչ մի խնդիր չունենալով դրա հետ կապված: Ունենք խնդիր միջազգային պայմանագրերի հետ կապված: Օրինակ, բենզինի հարցով, ինչքան ես եմ տեղյակ, այսօր Հայաստանը ունի ինչ-որ խնդիր․ չի կարող [ներկրել] այլ երկրներից, որովհետև «Ռոսնեֆտի» հետ պայմանագիր ունեն, որ միայն նրանցից պետք է ներկրենք: Նմանատիպ մանր-մունր, որովհետև ես համարում են, որ դրանք լուծվող հարցեր են, և մեր կառավարությունը անպայման կլուծի, նմանատիպ հարցերը լուծելուց հետո շատ ավելի կբացվի, կազատականացվի տնտեսությունը: Մնացած բոլոր ապրանքատեսակների առումով, որոնք միջազգային պարտավորություններով սահմանափակված չէն, ընդհանրապես խնդիր չունենք»:
Վահագն Խաչատրյանի ներկայացմամբ՝ Փաշինյանի կառավարության քայլերը վերջ դրեցին հայաստանյան տնտեսությունում առկա արատավոր «տանիքների» համակագին, երբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա փաստացի մոնոպոլիզացրել էր տնտեսության ոլորտներից մեկը․ - «Ոգևորությունը միանշանակ է, սա հերքել չի կարելի: Սպասումները՝ նույնպես, որովհետև իրենք հասկանում են, որ տարիներ շարունակ աշխատել են մի արատավոր համակարգում, որտեղ ազատ գործարարությամբ զբաղվելու հնարավորություն չեն ունեցել: Եվ եթե ցանկացել են գործարարությամբ զբաղվել, անպայման պետք է ունենային «տանիք» իշխանության վերին ատյաններում: Առանց իշխանության հովանավորության Հայաստանի Հանրապետությունում բիզնես, առավել ևս խոշոր բիզնես անելու և զարգանալու մասին ոչ ոք չէր էլ կարող մտածել»: