Լույս է ընծայվել «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը

Հայ ընթերցողի սեղանին նոր գիրք է դրված՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը, որն օրերս լույս է ընծայել «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝ գիրքը լույս է տեսել հենց օգոստոսի 17-ին, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում՝ բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:

Գրքի առաջին օրինակն էլ նախօրոք ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Գաղափարը ինչո՞ւմ էր, որպեսզի ամբողջ աշխարհը իրոք տեսնի: Որովհետև մենք շատ բան անում ենք, և չենք կարողանում աշխարհին մատուցել մեր արած լավը», ֊ ասում է Կարապետյանը: ֊ «Այս գիրքը, ճիշտ է, նոր է լույս տեսել, բայց արդեն շատ լավ ընդունելություն է գտել: Ռուսերենը, շատ հավանական է, որ սեպտեմբերի 6-ին Մոսկվայում անենք շնորհանդեսը: Իսկ հայերենը՝ համարեք, որ ամսի 17-ին՝ միտինգի օրը, շնորհանդեսն էր»:

Երկու մասից բաղկացած գիրքը ներկայացնում է մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները, թավշյա հեղափոխության և հաղթանակի ժամանակագրությունն ու վերլուծությունը 2018- ի մարտի 31-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածի, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, որտեղ էլ 2018-ի մայիսի 8-ին նա Ազգային Ժողովի արտահերթ նիստում վարչապետ ընտրվեց:

Ուշագրավ են գրքում տեղ գտած թավշյա հեղափոխության օրերին արված բազմաթիվ լուսանկարները, նաև գրքի գլուխների խորագրերը՝ «Կարող էր արդյոք հնագույն պատմությունը նպաստել հայկական ժողովրդավարական ժամանակակից պետության կառուցման», « Հայաստանը պարադոքսների և քաղաքացիական փայլուն հասարակության երկիր է», « Ապրիլյան «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում»,« Ինչով էին այդպես զզվեցրել Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին» և այլն:

Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն, և ինչպես այսօր մեր ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտում էր գրքի հեղինակը՝ Ստեփան Գրիգորյանը, գրքի անգլերեն թարգմանությունն էլ կհրատարակվի մոտ ապագայում՝ մինչև սեպտեմբերի 22-ը:

«Շատ կարևոր էր, որ այս թավշյա հեղափոխության մասին գրենք, գրենք նաև ինչի հետ էր կապված այդ հեղափոխությունը, ինչ պատճառներ կային, ինչու եղավ հենց խաղաղ հեղափոխություն, ինչպես ստացվեց, որ թավշյա եղավ այդ հեղափոխությունը», ֊ մանրամասնեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է վարչապետի խոսքից մի հատված օգոստոսի 17-ի հանրահավաքի օրը․ ֊ «Ինքը ասաց՝ այդ թավշյա հեղափոխությունը շատերը այսօր էլ չեն հասկանում: Մեր գրքի նպատակը նաև այնպես անել, որ միջազգային հանրությունը հասկանա ինչի մասին է խոսքը: Այո՛, միջազգային հանրությունը ընդհանուր առմամբ դրական ընկալեց, բայց միշտ կան ասպեկտներ հեղափոխության: Գիրք՝ որը բացում է փակագծերը․ պատճառները այդ հեղափության, մեթոդները: Ի վերջո՝ շատ լավ դրսևորեց իրեն քաղաքացիական հասարակությունը: Գրքում ես բերում եմ շատ ու շատ օրինակներ այդ փայլուն դրսևորումների՝ սկսած կարգախոսներից, ավարտած կոնկրետ գործողություններով»: