Գլխավոր դատախազությունը Քոչարյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում

Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը, «Ազատությանը» փոխանցեցին դատախազության մամլո ծառայությունից։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը: