Թալիբները մերժել են Աֆղանստանի նախագահի՝ եռամսյա հրադադար հաստատելու առաջարկը

Թալիբան շարժման զինյալները մերժել են Աֆղանստանի նախագահի՝ եռամսյա հրադադար հաստատելու առաջարկը՝ սպառնալով շարունակել զինված պայքարը: Այսօր ավելի վաղ նրանք Քունդուզ նահանգում երեք ավտոբուս՝ շուրջ 200 մարդ էին գերեվարել:

Նրանց մեծ մասն ազատ է արձակվել, մի քանի տասնյակը մնում են պատանդ։ Ըստ հաղորդումների, նրանք ոստիկանության ու իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Ավելի վաղ՝ հունիսին, Թալիբանը համաձայնել էր Աֆղանստանի իշխանությունների առաջարկած եռօրյա հրադադարին, սակայն հիմա ահաբեկչական շարժումը պնդում է, որ դրանից շահել է միայն երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող ամերիկյան զինուժը:

«Մեր ղեկավարության համոզմամբ, եթե մենք համաձայնենք հրադադարին, ամերիկացիները կերկարաձգեն իրենց ներկայությունը Աֆղանստանում», ֊ հայտարարել է ահաբեկչական շարժման խոսնակը:

Վերջին շաբաթներին թալիբների հարձակումներն ակտիվացել են երկրի միանգամից մի քանի շրջաններում։ Գազնի քաղաքում հինգ օր շարունակված մարտերի հետևանքով 250 մարդ էր զոհվել, մինչ Աֆղանստանի բանակը՝ Նահանգների աջակցությամբ, կարողացել էր դուրս մղել ահաբեկիչներին այդ բնակավայրից: