«Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը

Սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ժառանգությունը» գնում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ցուցակով։

Քաղաքապետի թեկնածուի մասին այս որոշումը կայացվել է այսօր՝ կուսակցության վարչության լիագումար նիստում։ Ավագանու ավելի քան 50 թեկնածուներից բաղկացած ցուցակի երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցնում են «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը:

«Ազատության» հետ զրույցում Արմեն Մարտիրսյանն ասաց՝ ցուցակի առաջին եռյակում տեղ են գտել այնպիսի անուններ, որոնք ունեն անթերի քաղաքական անցյալ, մեծ փորձ ու ավագանիում աշխատելու պարագայում կպաշտպանեն երևանցիների շահերը․ ֊ «Ես կարծում եմ՝ մեր քաղաքացիները կգնահատեն այս տարիների ազնիվ պայքարը «Ժառանգության», ինչպես նաև «Ժառանգության» կառուցողական մոտեցումները, նաև այնպիսի ծրագրի առաջադրումը, որը մենք շուտով հանրության դատին կներկայացնենք, որը հնարավորություն կտա իրական փոփոխություններ բերել երկիր»:

Մինչև կուսակցության լիագումար նիստը, այսօր ավելի վաղ՝ առավոտյան, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էր հանդիպել լրագրողների հետ։ Խոսելով ավագանու ընտրությունների մասին՝ արդեն քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ակնկալում են առանց կեղծիքների ընտրությունների անցկացում․ ֊ «Բոլորին հաջողություն մաղթելով՝ մենք ակնկալում ենք ազատ և արդար ընտրություններ, երկար տարիների ընթացքում առաջին իրավական, օրինակարգ ընտրությունը, որտեղ բացառվում են բոլոր երևույթները, որոնք ուղեկցել են ընտրությունները վերջին 20-23 տարիների ընթացքում»:

Սեպտեմբերի 23-ին նշանակված ընտրություններին «Ժառանգությունը» ցանկանում էր մասնակցել միասնական ցուցակով՝ հեղափոխության հեղինակների հետ միասին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին կուսակցությունից ու հրապարակային առաջարկ արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն»։ Այսօր արդեն Հովհաննիսյանն ասաց՝ նոր իշխանությունների կողմից իրենց առաջարկն անարձագանք մնաց․ ֊ «Մենք հույսը չենք կտրում, որ մինչև խորհրդարանական ընտրությունները էական վերանայումներ կարող է լիեն, որովհետև մենք համարում ենք հարգելի, բայց սխալ այն ճանապարհը, որի միջոցով հեղափոխությունը, համազգային վերելքը կուսակցականացվում է ցուցակի տեսքով և ստիպվում բոլոր մնացածներին այդ կուսակցական ցուցակով գնալ»:

Ինչ վերաբերում է Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփիչ հանրահավաքին ու վարչապետի սուր գնահատականներին, ապա Հովհաննիսյանը կարծում է, որ Փաշինյանի ելույթը զգացմունքային էր, ուշագրավ և այդ օրը վարչապետն ավելի շատ պատասխանում էր քաղաքական տարբեր հոսանքներից ստացվող ռեպլիկներին։

«Ժառանգության» հիմնադիրը համաձայն չէ իր բնորոշմամբ՝ իշխանությունից հեռացված հանրապետականների այն մտքի հետ, թե Փաշինյանն իր ելույթով սահմանափակեց երկրում ազատ խոսքի իրավունքը․ ֊ «Բոլոր դեպքերում ուշագրավ է, հետաքրքիր է, որ նրանք, ովքեր երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի տեղեկանալու, տեղեկացնելու իրավունքը տարբեր չափումներով, նրանք ովքեր գողացել են ընտրություններ և կատարել այլ հանցագործություններ, հիմա բողոքում են սրանից, թե նրանից»:

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև անցումային արդարադատության համակարգ ստեղծելու՝ Կառավարության մտադրության մասին։ Ի արձագանք այս հայտարարության՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ եթե գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն պետք է հաշվի առնենք մինչև այսօր մարդու իրավունքների ոտնահարման բոլոր դեպքերը։ Նա հիշեցրեց՝ 96 թվականից սկսած գողացված ընտրությունների, հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի մասին։ Հովհաննիսյանը վստահ է՝ բոլորը պետք է կանգնեն օրենքի առաջ, թե՛ իրավապահ համակարգի ղեկավարները, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները․ ֊ «Պիտի ամբողջովին մտնենք այս դաշտը, ոչ թե հրապարակի հետ կապելով: Որոշել՝ որոնք են չափանիշները, ովքեր են վստահություն ներշնչող հանձնաժողովականները, բողոքարկման եղանակը որն է»:

«Ազատությունը» Հովհաննիսյանից նաև հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե վերջինս պատրաստվում է վերադառնալ քաղաքական դաշտ։ «Ժառանգության» հիմնադիրն ասաց՝ չի կարծում, թե դրանում քաղաքական վտանգ կա․ ֊ «Պարոն Քոչարյանը իրավունք ունի վերադառնալ որտեղ ուզում է և որտեղ արժանի է, դա լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ՝ դա իմ որոշելիքը չէ: Ես չեմ կարծում, որ քաղաքական վտանգ կա իր չակերտյալ վերադարձի մեջ, թեև ոմանց տվել է ինչ֊որ հույս՝ ռևանշի, թե այլ տեսակի վերադարձի: Անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում»:

Հովհաննիսյանը խոսեց նաև երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու մասին։ Նա վստահ է՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսնադր Ազարյանը պետք է ինքնաբացարկ ներկայացներ, քանի որ, եթե ոչ իրականություն, ապա գոնե շահերի բախման հրապարակային տպավորություն կար, իսկ դա նվազեցնում է վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Այստեղ, ըստ «Ժառանգության» հիմնադրի, թերացել է նաև Գլխավոր դատախազությունը։