Միացյալ Նահանգները մերժել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանքից ազատելու դիմաց Անկարայի առաջադրած պայմանները, The Wall Street Journal-ին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ըստ հաղորդագրության, հոգևորականին ազատելու համար Անկարան առաջարկել է թուրքական պետական «Հալքբանկ»-ին ազատել մի քանի միլիարդ դոլարի հասնող տուգանքներից, որոնք Վաշինգտոնը սահմանել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:
«Մենք նմանատիպ հարցերը կքննարկենք միայն Բրանսոնին ազատելուց հետո», - ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր. - «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման դիմաց, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները»:
Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել է երկու տարի առաջ՝ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո: Նրան մեղադրում են արտերկրից ստացված միջոցներով Թուրքիայում հակապետական գործունեություն ծավալելու և Նահանգներում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլա Գյուլենի հետ համագործակցելու համար: