«Ժառանգություն»-ը վարչության այսօրվա նիստում կորոշի քաղաքապետի իր թեկնածուին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության լիագումար նիստում կորոշի քաղաքապետի իր թեկնածուին։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այսօր մի քանի ժամից «Ժառանգություն» կուսակցության վարչությունը կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում մենք կորոշենք Երևանի ավագանու ցուցակի քաղաքապետի և ավագանու առաջին հորիզոնականները։ Մենք անցյալ շաբաթ արդեն հայտարարեցինք, որ մասնակցում ենք, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս տածեցինք, որ մեր առաջարկը՝ միասնական ցուցակի, կարողանար իրականություն դառնար, բայց ավաղ շատ հարգելի պատճառներով, բայց, մեր կարծիքով, սխալ մոտեցմամբ, հեղափոխության միասնական ցուցակը պետք է վերածվի գոնե այս ընտրություններում միջկուսակցական, բազմակուսակցական մրցակցության տարբեր ցուցակների։ Չի բացառվում, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մենք կարող ենք ավելի լայն, հեռահար մտածել, բայց ներկա պահին սա է իրականությունը», - հայտարարեց Հովհաննիսյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև 21-ը՝ 11 օր։

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։

Որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Կարգին Հայկոն» է՝ Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում միասնաբար առաջադրում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ «Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, իսկ ՀՀՇ-ի ցուցակի առաջին համարում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է։

Ավագանու ընտրություններին մասնակցելու տրամադրվածության մասին նախապես հայտարարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, սակայն թեկնածու անուն դեռ չեն հրապարակել։

«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկ իշխանական նախկին ուժում՝ ՀՀԿ-ում դեռ այս թեմայով քննարկումներ չեն եղել։