ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հետևանքով «բազմաթիվ խնդիրներ են լուծվել»։ Թրամփը այս մասին հայտարարել է Թվիթերի իր միկրոբլոգում տեղադրված տեսահոլովակում։
Երկու նախագահները հանդիպել էին հուլիսի 16֊ին՝ Հելսինկիում։
Նույն այդ տեսահոլովակում Թրամփը նաև անդրադարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի հետ հանդիպմանը, մատնանշելով, որ այդ հանդիպումից հետո «հրթիռներ այլևս չեն արձակվում»։
Թրամփի քննադատները հաճախ են նրան մեղադրում Պուտինի և Քիմի նկատմամբ անհարկի մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Բացի այդ, ԱՄՆ֊ում արդեն երկու տարի շարունակվում է հետաքննությունը Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության շուրջ, ինչը Թրամփն ու Կրեմլը հերքում են։