Մեքքայում մեկնարկել է հաջը

Օգոստոսի 19֊ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել է մահմեդականության կարևորագույն ծիսակատարություններից մեկը՝ հաջը։

Յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ուխտագնացություն կատարել դեպի սուրբ քաղաք՝ Մեքքա, եթե դրա համար բավարար միջոցներ ունի։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ակնկալում են մինչև 2 միլիոն մուսուլմանների մասնակցությունը այս 6-օրյա միջոցառմանը։

Մահմեդական հավատի համաձայն ամենամյա ուխտագնացությունը՝ հաջը, կրկնում է Մուհամեդ մարգարեի անցած ուղին։

Մեքքայում այսօրվա աղոթքներից հետո հավատացյալները կշարժվեն դեպի Արաֆաթ լեռը, որտեղ Մուհամեդ մարգարեն կարդացել է իր վերջին քարոզը։

Հաջի վերջին ծեսի ընթացքում ուխտավորները կշարժվեն դեպի Մուզդալիֆա կոչվող տարածք, որտեղ խճաքարեր կվերցնեն՝ սատանայի խորհրդանշական քարկոծման և Մինայի հովտում մեղքերը հեռու վանելու եռօրյա արարողության համար։