Իրավաբանները քննարկում են երեկվա հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին արած հայտարարությունը։
Փաշինյանն անցումային արդարադատության անհրաժեշտությունը պայմանավորեց դատական համակարգի ներկայիս վիճակով և մի շարք այլ խնդիրներով։ «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ»,- իր ելույթում ասել էր վարչապետը:
Նա նշեց մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս իշխանությանը՝ քննարկել անցումային արդարադատության մարմինների ստեղծման հարցը։ Դրանցից մեկն էլ ապօրինի հարստացումն է․ «Այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը մի բանկային հաշվում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: Զուտ Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար՝ հայտարարագիր չի ներկայացրել, և ֆորմալ առումով այստեղ կան դժվարություններ՝ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:
Փաշինյանը նաև հայտարարել էր՝ անցումային արդարադատության մարմինները չպետք է շփոթել արտակարգ դատարանների հետ, ասելով՝ դրանք միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և շատ երկրներ անցել են այդ ճանապարհով: Իսկ միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ անցումային արդարադատության մարմինները կարող են աջակցել գործող մարմիններին՝ հաշվի առնելով նաև իրավական համակարգում ռեսուրսների պակասը։ «Իրավական համակարգը լուծումն ունի, բայց պետք է իրավական համակարգի համար ստեղծել ինստիտուտներ, որոնք այդ համակարգին կտան այդ գործերը, որոնք արդեն համակարգը կդնի մշակման մեջ: Իրավական համակարգը չունի այդ ռեսուրսները և այդ համակարգն էլ պետք է թարմացվի»,- ասաց Ղազարյանը:
Նա առավել կարևորում է, այսպես կոչված, ճշմարտության հանձնաժողովների ձևավորումը, որոնք փաստեր հավաքագրելու միջոցով կաջակցեն պետական տարբեր մարմիններին՝ այդ թվում քննչական կառույցներին։ Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը պատկանում է դատարանին, ասում է Ղազարյանը։ Նրա խոսքով՝ անցումային արդարադատության մարմինները պետք է ստեղծվեն Սահմանադրության և օրենքի շրջանակներում, և պնդումները, թե հետագայում Փաշինյանին կմեղադրեն սահմանադրական կարգը տապալելու մեջ, հիմք չունեն։ Ըստ իրավաբանի՝ այդ մարմինները, բացի հետաքննությունից, նաև հաշտեցման նպատակ ունեն և անհրաժեշտության դեպքում կարող են մշակել օրենքներ։
«Նոր ստեղծվելիք ինստիտուտները պետք է լրացնեն և համագործակցեն արդեն գոյություն ունեցող ինստիտուտների հետ: Այս երկուսի միջև պետք է գտնել շատ նուրբ բալանս»,- «Ազատությանն» ասաց Արա Ղազարյանը:
Հայաստանի իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը «Ֆեյսբուքի» իր էջում այս առնչությամբ ծավալուն մի մեկնաբանություն է գրել, ընդգծելով․ «Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը»: Արա Ղազարյանն իր հերթին հավելում է՝ այդ մարմինների նպատակն արդարացի փոխհատուցումն ու խախտված իրավունքների վերականգնումն է։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, մինչդեռ, վարչապետին հորդորում է բավարարվել գոյություն ունեցող իրավական գործիքներով և կառույցներով, նշելով՝ հակառակ դեպքում նրան հետագայում կարող են մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ։ «Ուղղակի չի կարելի այս պայմաններում, որքան էլ առկա է հասարակական պահանջ, դուրս գալ իրավական պետության փիլիսոփայության շրջանակներից և անել քայլեր, որոնք հետագայում բումերանգի նման խփելու են մեզ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Նորիկյանը:
Նրա կարծիքով՝ նոր կառավարությունը կարող է և այժմ էլ կիրառում է օրենքով սահմանված բոլոր լծակները՝ խնդիրները լուծելու համար։ Ըստ փաստաբանի, անցումային արդարադատության փորձ ունեն աֆրիկյան երկրները: Մինչդեռ Արա Ղազարյանը հիշեցնում է՝ երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան հենց անցումային արդարադատության շնորհիվ լուծեց իր առջև ծառացած խնդիրները։
Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու առաջարկով օրեր առաջ հանդես եկավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը»։ Տարածած հայտարարությունում նշելով, որ «մարտի 1»-ի բացահայտման գործում կառավարությունն առաջընթաց է արձանագրում, ՀԱԿ-ը նաև հյատարարում է․ «Բայց անհերքելի է, որ 2008-ի մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, այլ դրանից առաջ և հետո, ամիսներ ընդգրկող ժամանակաշրջանում, տարածվել է հազարավոր քաղաքացիների վրա` բազմաբնույթ հալածանքների և հետապնդումների տեսքով»:
Այդ նպատակով ՀԱԿ-ն առաջարկում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։ Ըստ այդմ՝ «հանձնաժողովը պետք է վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ»: