Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում կրկին պատարագ կմատուցվի

Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում այս տարի սեպտեմբերի 9-ին` կիրակի օրը, Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից պատարագ կմատուցվի:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կղզում նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Սպասվում է, որ շուրջ 3 հազար հայ և տեղացի զբոսաշրջիկ Թուրքիայից, Հայաստանից և սփյուռքից կայցելի Վան՝ պատարագին մասնակցելու համար:

Ըստ տեղական իշխանությունների՝ արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական խմբերի կողմից, շրջանի հյուրանոցներում էլ այդ օրերի համար ազատ սենյակներ գրեթե չեն մնացել:

Վանի առևտրի և արդյուաբերության պալատի ղեկավար խորհրդի անդամ Մուրադ Բեյազը «Անադոլու» գործակալության հետ զրույցում ուրախությամբ է փաստել, որ տարիներ անց եկեղեցում պատարագ կանցկացվի:

«Հուսով ենք այսուհետ Աղթամարում ամենամյա պատարագների կազմակերպման համար խոչընդոտ չի լինի: Սուրբ խաչի օրինակով անհրաժեշտ է վերականգնել այս շրջանում հայերից մնացած մյուս եկեղեցիներն ու վանքները: Այսպիսով Վանը կարող է դառնալ Թուրքիայի կարևոր ուխտավայրերից մեկը: Հայերն էլ նման սպասումներ ունեն», - նշել է Բեյազը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկեց եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շուրջ երկու տարի տևած վերակառուցման գործընթացին մասնակցել են մի շարք արվեստաբաններ, հնագետներ, շինարարներ, ինչպես նաև հայազգի ճարտարապետ: Սուրբ խաչին նոր շունչ տալու նախագծի համար շուրջ 4 մլն լիրա է ծախսվել:

2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի անցկացվել:

Ի դեպ, Վանի մշակութային ժառանգության ամենակարևոր պատմական կառույցը՝ Սուրբ Խաչ եկեղեցին, շուտով կարող է տեղ գտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում: