Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, «Ելք»-ը միասնական թեկնածու չի ունենա

Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Այսօր կայացած նիստում այս մասին որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Բացի ընտրության օրվա նշանակումից, ԿԸՀ-ն այսօր նաև հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատեց։ Ըստ այդմ՝ ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ «Կուսակցությունները դեռ 11 օր ունեն, որպեսզի նախապատրաստվեն և ներկայացնեն փաստաթղթերը ԿԸՀ»,- նիստից հետո ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ընտրությունն արտահերթ է, այնպես որ քարոզարշավն էլ է կարճ տևելու՝ սեպտեմբերի 10-ից մինչև 21-ը՝ 11 օր։ Սակայն, Սմբատյանը վստահ է՝ ժամանակի սղության պատճառով չի տուժի ընտրության որակն ու կազմակերպչական աշխատանքը: Այն, որ Երևանը կարող էր գնալ արտահերթ ընտրությունների, ԿԸՀ-ն կանխատեսել էր ու պատրաստվել ավելի վաղ, ասում է Սմբատյանը։ Նրա կարծիքով՝ այս ընտրություններն ավելի մրցակցային կլինեն, առկա է նոր քաղաքական պլատֆորմ և ամենակարևորը՝ «ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը այլ կլինի»:

Երևանի քաղաքապետի աթոռը, հիշեցնեմ, թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։

Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր իշխանության համար սրանք դառնալու են առաջին մաշտաբային ընտրությունները: Վարչապետը դեռ կառավարության անցած նիստին հանձնարարեց բացառել ընտրակաշառքի դեպքերն ու իր ձևակերպմամբ «հայտնի խմբերին ու շրջանակներին» խորհուրդ տվեց «չտրվել բախտը փորձելու գայթակղությանը», հակառակ դեպքում «պատիժը չի ուշանա»։

Ընտրությունների թեմային Փաշինյանն անդրադարձավ նաև երեկ՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ։ Ամփոփելով իր կառավարման 100-օրյա գործունեությաւնը, վարչապետը նշեց՝ Երևանի ավագանու ընտրություններով մարդիկ ևս մեկ անգամ կհաստատեն թավշյա հեղափոխության ամրապնդումը Հայաստանում: Իր ելույթում նա դարձյալ հիշեցրեց քաղաքապետի՝ իրենց թեկնածուի՝ դերասան Հայկ Մարությանի մասին։

«Կարգին Հայկոյի» գլխավորած ցուցակով ավագանու ընտրություններին պատրաստվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստորեն, այսպիսով լքում է ավագանու նախկին կազմում գործող «Ելք» դաշինքը։ Դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», սակայն, շարունակում են համագործակցությունը․ այս կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում միասնաբար առաջադրում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Բացի այս երեք կուսակցություններից ևս չորս քաղաքական ուժ մինչև այս պահն արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին։ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, իսկ ՀՀՇ-ի ցուցակի առաջին համարում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է։

Ավագանու ընտրություններին մասնակցելու տրամադրվածության մասին նախապես հայտարարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը։ «Ազատության» հետ զրույցում կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր հաստատեց՝ արդեն հստակ որոշում կա, մարտական տրամադրվածությամբ ու առանձին ցուցակով գնալու են ընտրության։ Իսկ ահա քաղաքապետի թեկնածության հարցում ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել։ «Ցուցակը ձևավորման ընթացքի մեջ է, այն 80 տոկոսով պատրաստ է, թեկնածուի հետ կապված դեռևս քննարկում ենք մի քանի տարբերակներ»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Նկատենք՝ մինչև այս պահը իշխանական նախկին ուժը՝ ՀՀԿ-ն դեռ չի որոշել՝ արդյո՞ք կրկին պայքարելու է քաղաքային իշխանությունն իր ձեռքը վերցնելու համար: Հանրապետական կուսակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ թեմայով դեռ քննարկում չեն անցկացրել: