Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում երեկ հայտարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը»,- ասել էր երկրորդ նախագահը:
Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը հակադարձում է՝ կառավարությունը տնտեսական քաղաքականությունը չի փոխարինել կոռուպցիայի դեմ պայքարով: Դա ընդամենն այդ քաղաքականության բաղկացուցիչ մասն է: «Էնպես չի, որ կոռուպցիայի դեմ պայքարը բերելու է երկարաժամկետ տնտեսական աճի, բայց սա անհրաժեշտ նախադրյալ է, որ այդ երկարաժամկետ աճի հիմքերը դրվեն»,- «Ազատությանն» ասաց Մանուկյանը:
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում որևէ լուրջ ներդրում չի լինի, քանի դեռ կառավարության մտադրությունները «հասկանալի չձևակերպվեն»: «Բիզնեսին ո՞նց է վերաբերվելու, սպեցնազո՞վ է ստուգումներ կազմակերպելու, թե՞ ցիվիլ տարբերակով: Իմ ամբողջ 10 տարվա պաշտոնավարման ժամանակ այդպիսի բան չի եղել, նաև վերջին 10 տարվա ընթացքում չի եղել»,- ասել էր երկրորդ նախագահը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, ամփոփելով կառավարության 100-օրյա գործունեությունը, այսօր հայտարարեց՝ Հայաստանում առկա է ներդրումների ներգրավման ավելի քան 42 միլիոն դոլարի և 20 միլիոն եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, այդ թվում՝ գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, երկրորդ նախագահի քննադատությանն ի պատասխան, հիշեցնում է նրա պաշտոնավարման հետևանքները Հայաստանի տնտեսության համար: «2008 թվականի մարտի 1-ից հետո «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցրեց Հայաստանին ֆինանսավորելը: Ինչ վերաբերում է ներդրողների վախին, ապա այն ժամանակ տնտեսությունը կառուցված է եղել գողության վրա: Երբ սկսում ես այդ տնտեսությունը վերականգնել, դու այլընտրանք չունես՝ պիտի փակես այն ծակերը, որոնցով պետության գումարները գնացել են տարբեր մարդկանց գրպաններ»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, 1998-2008 թթ. ընթացքում նախագահած Քոչարյանը, վկայաբերելով թվային ցուցանիշներ, պնդում էր՝ իր պաշտանավարման տարիներին մենաշնորհ չի եղել: Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն այդ առնչությամբ նշում է․ «ֆորմալ առումով Սերժ Սարգսյանի կառավարման օրոք էլ կային բազմաթիվ խաղացողներ [ներկրողներ], բայց իրականում չկար մրցակցություն»:
Չէր կարող երկրում երկնիշ տնտեսական աճ արձանագրվել կոռուպցիայի բարձր մակարդակի պայմաններում, նաև պնդել էր Ռոբերտ Քոչարյանը: Արտակ Մանուկյանը հակադարձում է՝ բիզնեսի և իշխանության սերտաճման մեխանիզմը սկսեց գործել հենց Քոչարյանի ղեկավարման տարիներին, իսկ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ աղքատության մակարդակի զգալի նվազում չեղավ, Գյումրիում էլ տնակներում շարունակում էին հազարավոր մարդիկ ապրել: «Այդ աճի մեջ մեծ բաժին ուներ շինարարությունը, Ռուսաստանից բերված փողերով, բայց դրա շնորհիվ տնտեսությունը չէր կարող դիվերսիֆիկացվել, արդյունավետ դառնալ»,- ասաց Մանուկյանը:
Քոչարյանը նաև հայտատարել էր՝ իր նախագաության օրոք երկրում կուռուպցիոն բուրգ չի գործել: Մանուկյանը հակադարձում է՝ հենց Քոչարյանի մերձավորներն են նրա պաշտոնավարման ընթացքում «ոչ համաչափ» հարստացել: Երկրորդ նախագահը հարցազրույցում անդրադարձել էր նաև իր՝ միլիարդավոր դոլարների կարողություն ունենալու մասին լուրերին: Պնդել էր՝ անհնար էր տարեկան 2,5 միլիարդ դոլարի բյուջե ունեցող երկրում 4 միլիարդ դոլարի կարողություն կուտակել:
«2,5 միլիարդի բյուջեն դա մեկ տարվանն է, իսկ Քոչարյանը շատ ավելի երկար ժամանակահատվածում է կառավարել»,- հիշեցնում է Արտակ Մանուկյանը: ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով էլ, իրավապահ մարմինները պարտավոր են ստուգել Քոչարյանին վերագրվող՝ միլիարդավոր դոլարների մասին «օդում կախված» լուրերը:
Քոչարյանը, ի դեպ, հարցազրույցում նշել էր, որ իշխանությունը ստուգումներ է իրականացնում իր ընկերություններում, սակայն խորը հիասթափություն են ապրում: «Ազատությունը» փորձեց ճշտել տեղեկությունը ՀՔԾ-ից, ԱԱԾ-ից և ՊԵԿ-ից: Արդյո՞ք Քոչարյանին կամ նրա ընտանիքին պատկանող ընկերություններում ստուգումներ են անցկացվում: Նշված կառույցները խոստացան այս հարցին պատասխանել գալիք շաբաթվա ընթացքում: