«Իզոլացիա» գրքում ներառված են Փարաջանովի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ նյութեր

Սերգեյ Փարաջանով, արխիվ

Հայ մեծագույն արվեստագետներից Սերգեյ Փարաջանովի աշխատանքներն առաջին անգամ հայրենիքում ցուցադրվեցին 30 տարի առաջ՝ 1988 թվականին, և հենց այդ ցուցահանդեսի բացումից հետո էլ հիմնադրվեց նրա տուն-թանգարանը «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում:

Ցավոք, արվեստագետը չհասցրեց բնակվել այդ տանը, քանի որ Սպիտակի երկրաշարժից հետո ի հայտ եկած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով միայն երեք տարի անց կառուցվեց թանգարանը․ Վարպետը՝ Սերգեյ Փարաջանովը դրանից մեկ տարի առաջ մահացել էր:

Թանգարանը Երևանի ամենաշխույժ մշակութային օջախներից է, որի դռներն այցելուների համար բաց են անգամ հունվարի 1-ին: Թանգարանի գոյության երեք տասնամյակների ընթացքում Փարաջանովի ստեղծագործությունների բազմաթիվ ցուցահանդեսներ են բացվել ինչպես Երևանում, այնպես էլ արտերկրում: Այս տուն-թանգարանն ամենաշատ հաճախելիություն ունեցողներից է:

Թանգարանն ունի 1600 ցուցանմուշ, այստեղ զբաղված են նաև գրահրատարակչական գործունեությամբ: Հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց բոլորովին վերջերս հրատարակած գիրքը, որում տեղ են գտել նամակներ, լուսանկարներ, արխիվային գաղտնազերծված նյութեր, բազմաթիվ այլ փաստաթղթեր:

Հիշեցնենք՝ խորհրդային բռնապետությունը երկու անգամ դատապարտել է մեծ արվեստագետին, տարիներ շարունակ նա պահվել է տարբեր կալանավայրերում, 15 տարի զրկված է եղել ֆիլմեր նկարահանելու իրավունքից:

Մեր զրույցի ընթացքում Զավեն Սարգսյանը շեշտում էր․ «Այս բոլոր տարիներին ես հավաքել եմ Փարաջանովի հետ կապված նյութեր, նաև նրա բանտային այդ ամբողջ պատմությունների հետ կապված: Վերջին տարիներին այցելել եմ այն բոլոր երեք ճամբարները (դրանցից մեկն Ուկրաինայում է), որտեղ նա եղել է, նկարահանումներ եմ արել:

Վերջին տարում կոնկրետ գրքի վրա եմ աշխատել: Մեր ըներները, այդ թվում Ուկրաինայից, ինձ բավական օգնեցին, գաղտնազերծված նյութեր տվեցին, և այդ ամբողջը ներառված է այս մեծ գրքում, որի վերնագիրն է «Իզոլացիա»: Ինքը հաճախ էր օգտագործում այդ բառը, որովհետև իրեն մեկուսացրել էին»:

Ռեպորտաժն ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Your browser doesn’t support HTML5

«»