Եթե չառաջանար անձնական, ունեցվածքի անվտանգության խնդիր, Քոչարյանը չէր վերադառնա ակտիվ քաղաքականություն. քաղաքական մեկնաբան

Եթե չառաջանար անձնական, ունեցվածքի անվտանգության խնդիր, Ռոբերտ Քոչարյանի մոտ չէր առաջանա ակտիվ քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտություն, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ՝անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։

Երեկ պատասխանելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնու՞մ է քաղաքականություն, թե՞՝ ոչ, երկրորդ նախագահը հայտարարել է․ - «Համարեք, որ վերադարձել եմ»:

Բադալյանի խոսքով՝ Քոչարյանի հարցազրույցը բովանդակային առումով ուղերձ որպես այդպիսին չուներ։

«Կար որոշակի հարցերի ավելի շատ մանիպուլյացիոն նպատակով օգտագործում՝ «աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է, նոր իշխանությունը չի տիրապետում և այլն», միևնույն ժամանակ բացարձակապես որևէ բովանդակային ուղեկցում դրան չկար», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Այսինքն՝ ի՞նչն, է վկայում, որ չի տիրապետում, կամ Ռոբերտ Քոչարյանն ինքն ինչպես է պատրաստվում կամ մտադիր վարվել այդ բարդ իրավիճակում և այլն։ Այսինքն՝ միայն արձանագրում, որ բարդ է իրավիճակը, ընդ որում այդ իրավիճակն ամենևին նոր չէ, որ բարդ է։ Էդ իրավիճակը բարդ է արդեն առնվազն տասը տարի՝ 2008-ից սկսած աշխարհը բավական փոթորկուն շրջան է մտել, բայց Ռոբերտ Քոչարյանը համաձայն չլինելով, օրինակ, Սերժ Սարգսյանի քաղաքականությանն, այն ժամանակ չէր արտահայտում ակտիվ քաղաքականություն վերադառնալու այդպիսի պատրաստակամություն, այն դեպքում, երբ բազմաթիվ ուժեր սպասում էին դրան, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Պատճառը կարծում եմ այն էր, որ այդ ժամանակ Քոչարյանը չուներ անձնական անվտանգության, ունեցվածքի անվտանգության խնդիր և այստեղ է բուն շարժառիթը, թե ինչու է հիմա նա վերադառնում ակտիվ քաղաքականություն, որովհետև առաջացել է այդ խնդիրը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ