ՀՀ ԶՈւ զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից. ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ ըստ կանոնակարգի, զնծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա:

Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման:

Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից:

Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:

ՊՆ խոսնակը հիշեցնում է, որ բջջայինով խոսելիս պետք է խուսափել զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից, լարված իրադրության ժամանակ չզանգահարել մտերիմներին ու չպատմել ծավալվող իրադարձությունների մասին, կատարել «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ, չհրապարակել լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն: Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:

«Հիշեք հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը», - գրել է ՊՆ խոսնակը։