Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին երեկ մի տեսահոլովակ է հրապարակել, որում պատմում է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ թիմակիցներից մեկի Վյաչեսլավ Վոլոդինի մոր հարստության մասին։
2011-ին այն ժամանակ 75-ամյա Լիդիա Բարաբանովան Մոսկվայի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Միչուրինսկի պողոտայում նորակառույց շենքերից մեկում 400 քառակուսի մետրանոց շքեղ բնակարան է գնել։
«Բնակարանն այսօր արժե շուրջ երեքուկես միլիոն դոլար», - տեսահոլովակում պատմում է Նավալնին՝ նշելով, որ Վոլոդինը վերջին 22 տարիներին պետական պաշտոնյա է և չէր կարող այդքան գումար վաստակել նման բնակարան գնելու համար։
Վոլոդինի մայրը՝ Լիդիա Բարաբանովան մանկավարժ է սակայն 70 տարեկանից հետո սկսել է, ըստ փաստաթղթերի, ակտիվ բիզնեսով զբաղվել, և այսօր այդ կնոջ անունով գրանցված են տասնյակ ընկերություններ, հսկայական տարածքներ։ Վերջին անգամ 82-ամյա Բարաբանովան ընկերություն է գրանցել օգոստոսի սկզբին։
Վերջերս Վոլոդինը հայտարարել էր, թե Ռուսաստանի թոշակային համակարգն այն վիճակում է, որ հնարավոր է, որ պետությունը նույնիսկ հրաժարվի թոշակներ վճարել։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Ռուսաստանում։
Վոլոդինի տարեց մոր բիզնես գործունեությունը ներկայացնելուց հետո ընդդիմադիր գործիչը ռուսաստանցիներին հերթական անգամ կոչ է արել սեպտեմբերի 9-ին դուրս գալ թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու դեմ համառուսաստանյան բողոքի ակցիայի։
Ռուսաստանի իշխանություններն ուզում են թոշակի անցնելու տարիքը բարձրացնել. այսօր ռուսաստանցի տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ կանայք՝ 55։ Իշխանությունները տղամարդկանց թոշակի անցնելու տարիքն ուզում են բարձրացնել 5 տարով, իսկ կանանցը՝ 8։ Համաձայն նոր ռեֆորմի, տղամարդիկ պետք է թոշակի անցնեն 65 տարեկանում, իսկ կանայք 63, սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն, ռուսաստանցի տղամարդկանց շուրջ 50 տոկոսը մահանում է մինչև 65 տարեկանը։