«Անպայման փորձելու են ինձ հայտարարել հակահեղափոխության կենտրոն». Ռոբերտ Քոչարյան

«Անպայման փորձելու են ինձ հայտարարել հակահեղափոխության կենտրոն», - երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ​ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կարծում եմ, որ անպայման փորձելու են ինձ հայտարարել, միգուցե այս միտինգում ինձ արդեն կհայտարարեն, հակահեղափոխության կենտրոն, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանելու։ Բայց սա է այս լոզունգներով շարժվելու տարբերակը, և, գիտեք, մարդկանց վերջը պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, նոր մոբլիզացնող ուժ հաղորդեն, որովհետև այլ բան մոբիլիզացնող չկա», - ասաց պաշտոնաթող նախագահը։

Քոչարյանը՝ իրեն վերագրվող 4 միլիարդ դոլար կարողության մասին

Ռոբերտ Քոչարյանն «անհեթեթ» է որակում մամուլում շրջանառվող տեղեկություններն իրեն վերագրվող 4 միլիարդ դոլար կարողության մասին։

«Թերթերում տպում էին, ինչ-որ խոսակցություններ կար միլիարդների մասին։ Առաջինը՝ քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող ընդհանրապես մարդ լինի։ Եվ այդ մեղադրանքները, այդ ենթադրությունները այնքան էին անհեթեթ, որ երկու-երեք անգամ հերքելուց հետո ուղղակի որոշել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև տեսնում ես, որ անիմաստ է։ Աբսուրդի հավատացող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել», - հայտարարել է պաշտոնաթող նախագահը՝ երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Վերջապես հարցնելու են, չէ՞, ո՞ւր են Սաշիկի հիսուն տոկոսները»

2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով նախկին և ներկա իշխանությունների տնտեսական քաղաքականությունից, հույս է հայտնել, որ այնուամենայնիվ կծնվի տնտեսական քաղաքականություն։

«Մեծ հույս ունեմ, որ այնուամենայնիվ՝ կծնվի տնտեսական քաղաքականություն։ Գիտեք՝ առանց հստակ տնտեսական քաղաքականության ներդրումներ չեն լինելու։ Որևէ լուրջ ներդրում չի լինելու այս երկրում, մինչև ներդրողը չհասկանա, թե այս կառավարությունն ինչ կարգի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու, ինչ մտադրություններ ունի կամ բիզնեսին ոնց է վերաբերվելու։ Սպեցնազո՞վ է ստուգումներ կազմակերպելու, թե՞՝ ցիվիլ տարբերակով։ Այդպիսի բան, իմիջիայլոց, չի եղել իմ ամբողջ պաշտոնավարման ժամանակ և վերջին տասը տարվա ընթացքում։ Հիմա գործարարը պետք է մտածի՝ մի օր էլ գալու են իրա գլխին՝ էս նույն ձևով։

«Երկիր մեդիա»-ի դիտարկանը, թե նախորդ տարիներին էլ, ասում էին, որ հիսուն տոկոսն են վերցնում, պաշտոնաթող նախագահն այսպես է արձագանքել. - «Դե հիմա՝ քանի՞ դեպք են ապացուցել հիսուն տոկոսը վերցնելու։ Դեռ չկա։ Քանի՞ ամիս է անցել։ Քանի՞ գործ կա հիսուն տոկոսը վերցնելու՝ ապացուցված։ Կանցնի երեք ամիս էլ, կանցնի մեկ տարի... վերջապես հարցնելու են, չէ՞, ո՞ւր են Սաշիկի հիսուն տոկոսները, օրինակ։ Ես չգիտեմ, իրականում ինչ պատկեր է։ Տասը տարի ես այս ոլորտում չեմ եղել։ Ես քննադատողի դերում եմ եղել։ Ըստ էության, ինքս ինձ ընդդիմություն չհռչակած, բայց ընդդիմադիր դիրքերից էի հանդես գալիս և տեղեկություն չունեմ դրա մասին։ Բայց մինչ այսօր որևէ փաստ չկա»։

«Կոռուպցիայի դեմ պայքարը միայն դիմակներով մարդկանց բռնել, ուժ ցուցադրելու գործունեություն չի»

«Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա։ Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է, բայց պայքար կոռուպցիայի դեմ՝ դա տնտեսական քաղաքականություն չէ», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։

«Եվ միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ, դա կոռուպցիայի դեմ պայքարի մի փոքր կտորն է։ Կոռուպցիայի դեմ պայքարը, կրկնում եմ, միայն մարդկանց բռնել-բաց թողնելը չի, դիմակներով մարդկանց բռնել, ուժ ցուցադրելու գործունեություն չի։ Կոռուպցիան առաջին հերթին ընթացակարգերի թափանցիկության, բազմաթիվ այլ,այլ հարցերում լուրջ քայլեր է պետք անել։ Բայց սա, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը»։

«Համարեք, որ արդեն վերադարձել եմ քաղաքականություն»

Պատասխանելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնու՞մ է քաղաքականություն, թե ոչ, երկրորդ նախագահը հայտարարել է․ - «Համարեք, որ վերադարձել եմ»:

​Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մասին մեր ամփոփ ռեպորտաժը: