Ադրբեջանում դիտարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը

«Աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ ին Ադրբեջանի մասնակցության հարցը», - ադրբեջանական լրատվական կայքերց մեկին տված հարցազրույցում այսօր ասել է ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Գուսեյնովը։

Ադրբեջանցի պատգամավորը նաև ասում է, թե Ադրբեջանն այսօր դե ֆակտո Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ֆորմալ առումով, ի տարբերություն Հայաստանի, նման կարգավիճակ չունի։ Եթե Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի համար կվերածվի նույն կազմակերպությանը անդամակցող իր երկու գործընկերների միջև հակամարտություն, ինչը թույլ կտա Մոսկվային ավելի ակտիվ գործել, բացի այդ Գուսեյնովը ընդգծում է. ՀԱՊԿ-ին անդամակցում են երկրներ որ միանշանակ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պահանջում են ադրբեջանական հողերի վերադարձը։ Նա նաև շեշտում է, թե Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քան որ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակեպությանը նոր երկիր միանա։ Այսօր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը։

Հայաստանցի փորձագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունը մեսիջ է, որ Բաքուն ուղարկում է Մոսկվային՝ ակնկալելով արձագանք։ Եվ այս հայտարարությունը, իհարկե, կարևոր է քաղաքական առումով․ - «Մի բան է՝ իրենք Ղարաբաղում ինչ֊որ գործողություններ են ծավալում, մի այլ բան է, եթե Հայաստանի դեմ սկսեն պատերազմ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը այդ դեպքում ստիպված կլինի արձագանքել: Հիմա՝ ինչպե՞ս կարող են իրենք դա չեզոքացնել՝ հենց ՀԱՊԿ-ի անդամ դառնալով: Այդ վտանգները կան»:

Գրիգորյանը չի կարծում, որ հենց վաղը Ադրբեջանը կանդամակցի ՀԱՊԿ-ին, որ սա Բաքվի արդեն վերջնական ձևակերպում ստացած պաշտոնական որոշում է․ - «Նույնիսկ եթե իրենք վաղը ուզենան դիմել, ինչ֊որ ժամանակ կանցնի, մինչև անդամ դառնալը: Բացի դրանից, քանի որ Հայաստանը հիմնադիր անդամ է, իրավունք ունի արգելափակել՝ վետո դնել, բայց մենք բոլորս հասկանում ենք, եթե Ռուսաստանը շատ ուզենա, նույնիսկ Հայաստանին իրենք կարող են համոզել, որ Ադրբեջանը դառնա այդ կազմակերպության անդամ: Քանի որ այսօր ունենք նոր իշխանություններ, որոնք փորձում են ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, պարզ է՝ ավելի դժվար կլինի ու դրա փոխարեն Հայաստանը ինչ֊որ բան կարող է ստանալ»: