Պատասխանելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնու՞մ է քաղաքականություն, թե ոչ, երկրորդ նախագահը հայտարարել է․ «Համարեք, որ վերադարձել եմ»:
Այսօր Քոչարյանը նորից հարցազրույց է տվել ՀՅԴ-ի հետ կապվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը․ հարցազրույցը եթեր է հեռարձակվելու այսօր երեկոյան, հրապարակվել է միայն տեսագրությունից կարճ հատված, որում չի հստակեցվում՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին:
Կալանքից ազատվելուց հետո նախկին նախագահը չկարողացավ լրագրողների առջև հանդես գալ մամուլի ասուլիսով․ ակտիվիստները «մարդասպան» վանկարկումներով տապալեցին լրագրողների հետ հարցուպատասխանը:
«Ոգիս տեղն էր, վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու»,- հրապարակված անոնսում ասում է Քոչարյանը, նաև պնդելով՝ ինքը չունի միլիարդներ, և իշխանությունը լավ գիտի, որ չունի:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: