Վաշինգտոնն արձագանքել է թուրքական իշխանությունների՝ ԱՄՆ-ի դեմ ձեռնարկած քայլերին

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերս, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է թուրքական իշխանությունների՝ ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու մասին որոշմանը: Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թուրք-ամերիկյան բարդ հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումներին, ասել է․

«Իրոք ցավալի է, որ Թուրքիան հավելյալ մաքսատուրքեր է սահմանել: Սխալ ուղղությամբ են քայլեր ձեռնարկում: ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի վերանայման որոշումը բխում է մեր ազգային անվտանգության շահերից: Սակայն թուրքական իշխանությունների որոշումը մեզ ուղղված պատասխան էր: Չենք ողջունում նման մոտեցումը»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմամբ՝ վերանայվել է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քանի 22 անուն ապրանքների մաքսատուրքերի չափը: Ըստ այդմ՝ ամերիկյան ուղևորատար մեքենաների ներկրման մաքսատուրքը կբարձրացվի 120, ոգելից խմիչքներինը՝ 140, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բարձրացվել են նաև կոսմետիկ միջոցների, բրնձի ու քարածխի ներմուծման մաքսադրույքները:

Անրադառնալով թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամի պատճառ դարձած՝ Թուրքիայում անազատության մեջ պահվող ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցին՝ Սպիտակ տան խոսնակն ընդգծել է, որ Անկարան պաստորի նկատմամբ շատ անարդար է վարվում:

«Կարծում ենք, որ Թուրքիան և հատկապես նախագահ Էրդողանը շատ անարդար ու վատ են վարվել պաստոր Բրանսոնի հանդեպ, որը ոչ մի սխալ բան չի արել ու հայտնի է իբրև շատ լավ անձնավորություն և ճշմարիտ քրիստոնյա: Մեր վարչակազմը սա չի մոռանա»,- նշել է Սանդերսը, հավելելով՝ եթե նույնիսկ Բրանսոնն ազատ արձակվի, Վաշինգտոնը չի վերանայի պողպատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի չափը, քանի որ այդ որոշումը կապված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ:

Ամերիկյան իշխանությունները, սակայն, պատրաստ են քննարկել Բրանսոնի ազատազրկման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված մյուս պատժամիջոցները վերացնելու հարցը:

Սպիտակ տան խոսնակի հայտարարություններին հակադարձել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Թուրքական «Հյուրիյեթի» փոխանցմամբ՝ ի պատասխան Սառա Սանդերսի այն խոսքին, թե Անկարայի ձեռնարկած քայլերը ցավալի են՝ Քալընը նշել է. «Մեր հիասթափությունը շատ ավելի խորն է: Մի պաստորի համար ԱՄՆ-ը մեր հարաբերությունները հիմնովին խաթարելու, Թուրքիայի նման երկիրը կորցնելու կետին է հասել»:

ՆԱՏՕ-ի շրջանակում երկու դաշանակից երկրների հարաբերությունները սրվեցին ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ թուրքական իշխանությունների որոշման պատճառով: Անկարան պաստորին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ ու կոչ անում Վաշինգտոնին՝ չմիջամտել իր արդարադատության համակարգի գործերին: Միացյալ Նահանգներն անհիմն ու կեղծ է որակում այդ մեղադրանքները և պահանջում պաստորին անհապաղ ազատ արձակել: Թուրքական դատարանը, սակայն, նախօրեին կրկին մերժեց ամերիկացի հոգևորականին կալաքնից ազատելու միջնորդությունը: