Եթե Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կդիտվի որպես քննությունը խոչընդոտելու փորձ և կկիրառվի խափանման միջոց․ ՀՔԾ պետ

Սասուն Խաչատրյան, արխիվ

Սասուն Խաչատրյանը նաև նշեց, որ «մարտի 1»-ի գործով, անհրաժեշտության դեպքում, առանց բացառության, հարցաքննվելու են այդ դեպքերին առնչված բոլոր անձինք, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՔԾ-ի այն գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, նշված էր․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»:

«Ես ընդամենը բնորոշել եմ․ վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, և պատկերացրեք, որ այդ բնորոշումը շատ մեղմ է»,- այսօր ասաց Խաչատրյանը: Նա նշեց նաև, որ «մարտի 1»-ի գործով, անհրաժեշտության դեպքում, առանց բացառության, հարցաքննվելու են այդ դեպքերին առնչված բոլոր անձինք: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը, առանց բացառության: Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով, որոշում է քննիչը, ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»:

Խաչատրյանը հույս հայտնեց, որ գլխավոր դատախազությունը կբերի վճառաբեկ բողոք և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությունը: «Չեմ կարծում, որ Քոչարյանը կփորձի լքել երկիրը: Այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե նա երկիրը լքելու փորձ անի, դա կգնահատվի, որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, ու կկիրառվի խափանման միջոց»,- ասաց ՀՔԾ պետը: