Վանաձորում շարունակաբար չի լուծվում տնակային ավանների խնդիրը, տեղի ՀԿ-ները խոսում են կոռուպցիոն ռիսկերի մասին

Տնակներ Վանաձորում, արխիվ

Վանաձորի տնակների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Քոթանջյանը երկու ամսվա ուսումնասիրություններից հետո փաստում է՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների՝ քաղաքապետարանի ցուցակներն ուռճացված են: Քաղաքապետարանի պաշտոնյաները նշում են՝ առկա է 340 տնակներում բնակվող և բնակարանի կարիք ունեցող ընտանիք, մինչդեռ, ըստ փաստահավաք խմբի անդամի, այդ թիվն առնվազն 100-ով պակաս է։

Քաղաքապետարանի ներկայացուցիչներից, քաղաքացիական հասարակության անդամներից ու տնակների բնակիչներից կազմված խումբը երկու ամիս տնակ առ տնակ սեփական հաշվառումն է արել, հանդիպել բնակիչների հետ ու պարզել, որ ավելի քան 100 ընտանիք հաշվառված է կամ անբնակ, կամ էլ անգամ իրականում գոյություն չունեցող տնակում։ Գևորգ Քոթանջյանը չի բացառում, որ սա կարող է լինել համապատասխան մարմինների հետ ապօրինի գործարքի հետևանք։

«Երբ մենք հարցը մտցրեցինք օրակարգ, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներից մեկն ասաց՝ եթե նման բան լինի, մարդիկ նպաստներից կզրկվեն: Դա թույլ է տալիս մտածել, որ դա համակարգված է, երբ լծակների օգտագործմամբ մարդկանց տրամադրվել են այդ նպաստները, գուցե կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված»,- ասաց Գևորգ Քոթանջյանը:

Նրա պնդմամբ՝ իրենց ուսումնասիրությունից հետո տնակային ավանում հաշվառված 19 ընտանիք զրկվել է նպաստից․ «Այս պարագայում սոցիալական ծառայությունը պետք է բացատրություն տա»:

Փաստահավաք հանձնախմբի անդամ Գևորգ Քոթանջյանն ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց հանձնաժողովի հերթական նիստին։ Շեշտեց, որ Վանաձորում անցած տարիներին տնակներում բնակվող ընտանիքներից որոշները պետական և բարեգործական ծրագրերով ապահովվել են բնակարաններով։ Միայն մոտ 500 ընտանիք օգտվել է բնակարանների գնման վկայագրերից։

Նրանց մի մասին քաղաքապետարանից ստիպել են հանել տնակներն ու տարածքն ազատել, իսկ շատերը դեռ շարունակում են ապրել տնակներում։ Փաստահավաք խմբի անդամ Գևորգ Քոթանջյանն այստեղ խտրական մոտեցում է տեսնում։

Համայնքի ավագանու որոշմամբ ստեղծված «Տնակների հիմնահարցերով զբաղվող» հանձնաժողովի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ ասաց՝ քաղաքապետարանը բավարար միջոցներ չունի՝ տնակները հանելու գործընթացը կազմակերպելու համար, իսկ բնակիչները հաճախ հրաժարվում են սեփական ուժերով հանել դրանք։

Ըստ քաղաքապետի, պետության կողմից բնակարանների գնման վկայագրեր ստացած մոտ 500 ընտանիքների առնվազն կեսը ոչ թե բնակարաններ են գնել, այլ գումարը ծախսել են այլ կարիքների համար։ Մամիկոն Ասլանյանն ասաց նաև՝ այս հարցին առնչվել է դեռ Վանաձորի նոտար եղած տարիներին։ «Ասենք՝ ես իմ բարեկամի տունը ձևակերպել եմ իմ վրա, էդ գումարը գրպանել ենք ես ու բարեկամս, իրականում ոչ թե տուն եմ առել, այլ առուծախի պայմանագիր եմ կնքել: Կոպիտ ասած՝ գումարը կանխիկացվել է, ու մարդը մնացել է հին գրանցման վայրում, ակնկալիքով, որ դա չվերահսկվող պրոցես է»,- մեխանիզմը բացատրեց քաղաքապետը:

Վանաձորի տնակների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովն ստեղծվել է «Ո՞վ, եթե ոչ՝ մենք» քաղաքացիական նախաձեռնության պահանջով։ Դեռ այս տարեսկզբին տնակներում արդեն 20-30 տարի ապրող բնակիչներն ավագանու բոլոր նիստերին գալիս և պահանջում էին ի վերջո լուծել Վանաձորի տնակային ավանների խնդիրը։ Նախաձեռնող խմբի 5 պահանջներից միայն մեկը բավարարվեց, ձևավորվեց հատուկ հանձնաժողով։ Ուսումնասիրության առաջին փուլն ավարտվել է։ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ այժմ փորձում են լուծումներ գտնել՝ խնդիրը լուծելու համար։

Քաղաքապետարանին առաջարկել են համայնքապատկան բնակարանները տալ տնակների բնակիչներին, բայց առայժմ մերժվում են։ Ավելին՝ իրենց հարցումներին քաղաքապետարանից, որպես պատասխան, համայնքապատկան բնակարանների տարբեր տվյալներ են ներկայացնում՝ 400-ից մինչև 700։

Փաստահավաք խումբը դեռևս չի կարողանում պարզել, թե ովքե՞ր են զբաղեցնում համայնքապատկան բնակարանները։ Գևորգ Քոթանջյանն ասում է, որ կասկածներ ունեն դրանց նպատակային օգտագործման շուրջ։ Ամեն դեպքում՝ քաղաքապետարանի պաշտոնյաները ևս նշում են, որ շահագրգիռ են Վանաձորը տնակներից ազատելու և բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցում, թեև, ըստ քաղաքապետ Մանիկոն Ասլանյանի, պետությունը նրանց նկատմամբ այսօր պարտավորություն չունի․ «Աղետից տուժած չեն, սա բարոյական հարց է»:

Մինչ համայնքապետարանն ու ստեղծված հատուկ հանձնաժողովը Վանաձորը տնակներից ազատելու ելք կգտնեն, մինչև 30 տարի տնակներում բնակվող ընտանիքները ևս մեկ անգամ բարձրաձայնում են՝ այլևս անհնար է ապրել այս պայմաններում։