Գյուղնախարարն այցելեց Շիրակի մարզ, հանդիպեց կարկուտից վնասներ կրած ֆերմերներին

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ազատանցիները սպասում էին կարկուտից տուժած դաշտերում: Գյուղացիները վրդովված էին, ասում էին՝ աղետի հետ գյուղացուն մենակ են թողել, նախարարի հետ հանդիպմանը նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին:

Վարկերի հետաձգում, կրած վնասի փոխհատուցում էին պահանջում գյուղացիները: Ազատանում ավելի շատ կարտոֆիլի ցանքատարածություններն են տուժել: Հատկապես ֆերմներն են տուժել, քանի որ այս տարի ավելի շատ էին կարտոֆիլ մշակել: Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ կառավարությանը կներկայացվի առհասարակ այս տարվա ընթացքում կարկուտից տուժած համայնքների կրած վնասներն ու դրանից հետո հաշվարկ կանեն, թե ինչպես են օգնելու գյուղացիներին: Մտադրություն կա, որ առձեռն գումար տրամադրեն գյուղացուն:

«Հակվածությունն այդ է, գոնե նախարարության տեսակետը դա է, որ մարդը վնաս է կրել, և իրեն գումար տանք կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններն իր փոխարեն մենք կատարենք»,- ասաց նախարարը, հավելելով, որ դրա հնարավորությունը դեռ պետք է քննարկեն բանկերի հետ:

Արթուր Խաչատրյանը գյուղացիներին տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր է մեկնարկելու, ընտրված 3 մարզերից մեկը Շիրակն է: Ի՞նչ է այն նախատեսում: «Շիրակի մարզում հացահատիկի և կարտոֆիլի դեպքում ռիսկերը, որից ապահովագրում ենք, ցրտահարությունն ու կարկտահարությունն է: Եթե համակարգը գործի, մարդիկ գոնե իրենց վնասի փոխհատուցումը կստանան»,- պարզաբանեց նախարարը:

Նա այցելեց նաև Գյումրիի սելեկցիոն կայան: Այստեղ ռազմավարական ծրագիր է մշակվում, որ Հայաստանը դառնա հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր: Հաջորդ տարի գյուղացիներին գումար է տրամադրվելու որպես աջակցություն, որ կարողանան ավելի շատ հող մշակել: Գյուղնախարարն ասաց, որ վարելահողերի 30-35 տոկոսը չի մշակվում, և այսպիսի ծրագրերով նաև ցանականում են, որ չմշակված հող չլինի, քանի որ «դա շռայլություն է»:

Նախարարը գյուղատնտեսական մթերքների գնաճին էլ անդրադառձավ: Արդյո՞ք կամայականությունն է պատճառը, թե ավելի լուրջ պատճառ կա: Այս հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Գյուղմթերք արտադրողների շուկան կոնցենտրացված չի, չկա մի խաղացող, որը կարող է ազդել գյւուղմթերքի [գների] վրա: Իմ կարծիքով գնաճի պատճառը բնակլիմայական կատակլիզմներն էին»:

Գյուղմթերքի արտահանման ծավալներն ու աշխարհագրությունն է ընդլայնվել: Մի քանի հետաքրքիր փաստ նշեց Արթուր Խաչատրյանը: «Կեռաս ենք արտահանում Կատար, նաև ծնեբեկ»: Նախարարը չբացառեց, որ արտահաման համար նաև «Շիրակ» օդնավակայանը կարող է օգտագործվել՝ համապատասխան ծառայությունների ստեղծման պայմաններում: