Ազգային կինոկենտրոնը անգլիական հիմնադրամի աջակցությամբ կթվայնացնի հայկական լավագույն ֆիլմերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին: Այն 10 տարուց ավելի ղեկավարեց Գևորգ Գևորգյանը, իսկ անցյալ տարվանից կինոկենտրոնի տնօրենն է Շուշանիկ Միրզախանյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրախությամբ նշեց, որ հենց այս տարի, երբ նշվում է «Հայֆիլմի» հիմնադրման 95-ամյակը, հայ կինոյի ողջ ֆոնդը, հայկական կինոյի հարուստ ժառանգությունը հանձնվեց Ազգային կինոկենտրոնին:

«Դեռևս 2017 թվականին, երբ ստանձնեցի այս պաշտոնը, առաջին օրվանից բարձրաձայնել եմ այս հարցը, որ ողջ կինոֆոնդը, այդ ժառանգությունը պետք է վերադարձնել իր իսկական իրավատիրոջը, Հայաստանի ազգային կինոկենտրոնին, քանի որ 2006 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հենց կառավարության որոշմամբ այն դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը»,- ասաց Միրզախանյանը:

Այսպիսով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնում է հայ կինոյի ողջ ֆոնդի պահպանման, թվայնացման և հանրայնացման պատասխանատվությունը: Ավելին՝ նաև, ինչպես նշում էր ազգային կինոկենտրոնի տնօրենը, պիտի բազմաթիվ պայմանագրեր ուսումնասիրվեն՝ կապված ֆիլմերի ցուցադրության, հեղինակային իրավունքների և այլ խնդիրների հետ:

«Կենտրոնը մեծ աշխատանք ունի անելու: Նախ պետք է պարզի, թե ինչ պայմանագրեր են կնքվել մինչ օրս, քանի որ կան խոսակցություններ, որ նույնիսկ 50 տարով պայմանագրեր են կնքվել ինչ-որ կազմակերպությունների հետ: Մենք հիմա այդ իրավական դաշտը պետք է պարզենք, հասկանանք՝ ում է տրված, ինչ ձևով, ամբողջ «Յութուբն» է լցված անորակ թվայնացված տարբերակներով: Մենք այդ իրավունքը չունեինք առաջ, հիմա արդեն սկսել ենք այդ հարցերը բարձրաձայնել»,- շարունակեց կինոկենտրոնի տնօրենը:

Միաժամանակ, Ազգային կինոկենտրոնը մի ուշագրավ ծրագիր է սկսել ՝ կրկին կապված կինոյի արխիվի կամ ավելի ճիշտ՝ հայկական ֆիլմերի վերականգնման ու թվայնացման հետ: Դեռ անցյալ տարի անգլիացի պրոդյուսեր Դանիել Բըրդից շատ ուշագրավ մի առաջարկ են ստացել՝ անգլիական «Դասական կինո» հիմնադրամի աջակցությամբ վերականգնել և թվայնացնել հայկական բոլոր ֆիլմերը: Ի դեպ, Դանիել Բըրդն այդ հիմնադրամի ներկայացուցիչն է և հենց նրա առաջարկով այս ծրագիրը կոչվել է «Համո Բեկնազարով»: Ծրագրի շրջանակներում, սակայն, առաջինը Փարաջանովի ֆիլմերը կթվայնացվեն:

Ի դեպ, անգլիական այս հիմնադրամը հայկական կինոֆոնդը բացառապես իր միջոցներով է թվայնացնելու: Ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչու է անգլիացի պրոդյուսերը հանդես եկել հայկակական ֆիլմերը վերականգնելու և թվայնացնելու առաջարկով ու ինչ ակնկալիքներ ունի, Շուշանիկ Միրզախանյանն ասաց․ «Ակնկալելու ոչ մի բան չկա, ֆիլմերը թվայնացնում է լեհական «Ֆիքսա ֆիլմ» ընկերությունը, դրանք թվայնացվելու են Լեհաստանում, ողջ ծախսը հոգում է անգլիական այդ հիմնադրամը: Իրենք անում են այդ աշխատանքը՝ հետագայում արդեն տարածելու համար: Երբ ֆիլմերը սկսեն վաճառվել, գումարներ բերել, արդեն կկնքվեն առանձին պայմանագրեր, որոնցում կլինի տոկոսային բաշխվածություն»:

Այս շատ հետաքրքիր ու կարևոր ծրագրի շրջանակներում առաջինը վերականգնվել է և սեպտեմբերին արդեն այստեղ կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10 րոպեանոց ֆիլմը, հաջորդը ՝ «Նռան գույնն» է լինելու, հետո նաև այլ ֆիլմեր, որոնց էլ կհաջորդեն արդեն այս 95 տարիների ընթացքում Համո Բեկնազարյանի և մեր մյուս ռեժիսորների նկարահանած գեղարվեստական ֆիլմերը:

Հարցիս՝ ի՞նչ հիմնախնդիրներ ունի այսօր Ազգային կինոկենտրոնը, Շուշանիկ Միրզախանյանը պատասխանեց՝ նախևառաջ շատ կարևոր է տարածքի խնդիրը: «2006 թվականին, երբ կենտրոնը ստեղծվել է, հատկացվել է Տերյան-2 հասցեում համարյա 400 քմ տարածք, Տերյան-3 ա հասցեում էլ 147 քմ տարածք: Բայց 2006 թվականից մինչ օրս ազգային կինոկենտրոնը վարձակալում է տարածքներ: Մինչ օրս արդեն Հայաստանի բյուջեից դրա համար համարյա 135 միլիոն դրամ է վճարվել»:

Տերյան-2 հասցեում գտնվող շինությունն ու տարածքն էլ, որը «Հայֆիլմի» պատմական տարածքն է եղել, 2 տարի առաջ հանձնվել է Հանրային ռադիոընկերությանը: Իսկ այժմ այդ տարածքում շենք է կառուցվում:

Your browser doesn’t support HTML5

Ազգային կինոկենտրոնը անգլիական հիմնադրամի աջակցությամբ կթվայնացնի հայկական լավագույն ֆիլմերը