ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան

ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Ազատություն». - Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ:

Մարգարյան. - Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։

«Ազատություն». - Այդ թվում Քոչարյանի՞։

Մարգարյան. - Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։

«Ազատություն». - Փաստորեն Դուք չեք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադի՞ր եք համագործակցել։

Մարգարյան. - Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։

«Ազատություն». - Եղե՞լ է նման առաջարկ։

Մարգարյան. - Ոչ։

«Ազատություն». - Մտադի՞ր եք իրեն առաջարկել։

Մարգարյան. - Ոչ։

«Ազատություն». - Դուք սպասո՞ւմ եք, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։

Մարգարյան. - Իր անելիքները ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։

«Ազատություն». - Հաշվի առնելով 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։

Մարգարյան. - Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում մեղադրանք է առաջադրված երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, Մարգարյանը նշեց․- «Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտը այդպես խայտառակեն»:

Մարգարյան. - Ինձ չի վերաբերում, Ռոբերտ Քոչարյանը կարող է իրան պաշտպանի և ես ոչ մի շահ չունեմ իրեն պաշտպանելու հարցում, ես պաշտպանում եմ սկզբունքը, սկզբունքը, որ նախագահական ինստիտուտը պետք է մեր երկրի մեջ հարգվի, պետք է դրա համար, եթե նույնիսկ պարտավոր ենք գին վճարել, պետք է կարողանանք գին վճարել։ 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը տանկեր դուրս բերեց փողոց, եթե անաչառ ենք, բա ինչո՞ւ դա չենք քննում, ես չեմ ասում, որ քննենք, ես ասում եմ, որ պետք չէ անցյալն այնպես խառնենք իրար, որ այսօրվա և վաղվա կյանքը վտանգվի։

«Ազատություն». - Պարոն Մարգարյան, տասը տարի առաջ արյունալի իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։

Մարգարյան. - Ես դեմ չեմ քննարկման, բայց քննարկում պետք է լինի այնպես, որ վստահություն ներշնչի՝ անկախ այն արդյունքից, որ հետո կհայտնվի։

«Ազատություն». - Չպե՞տք է հարցաքննել այդ ժամանակվա նախագահին։

Մարգարյան. - Այո, պետք է հարցաքննեն էլ, պետք է քննություն էլ կատարեն, ամեն ինչ էլ պետք է անեն, բայց այնպես, որ վստահություն մթնոլորտ ստեղծվի, ոչ թե քաղաքական հալածանքի տպավորություն թողնի։ Ես տպավորության մասին եմ խոսում, ես դեռ չգիտեմ քաղաքական հալածանքի մասին, դա կխոսի ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։

Նախորդ օրերն առանձնացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դաշնակցության միջև ընթացող հեռակա բանավեճով: Նախորդ շաբաթ գտնվելով Տավուշում՝ Փաշինյանն արձագանքել էր իր գլխավորած կառավարությանը մաս կազմող Դաշնակցության՝ հուլիսի վերջին արած հայտարարությանը, թե «Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։ «Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում», - անցած շաբաթ օրը հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան, արխիվ

Մարգարյան. - Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը չի կարող մեզ բռնի և պահի, մենք երբ ուզենանք կգնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կա՝ ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել այնտեղ, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին։

«Ազատություն». - Դաշնակցությունը պատրաստվո՞ւմ է դուրս գալ կառավարությունից։

Մարգարյան. - Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել։ Մենք չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ենք մենք մաս կազմել՝ ուրիշ բան չասելու համար։ Այսօր մենք այնտեղ ենք, որովհետև դեռ հույս ունենք, որ կարող ենք իրա իրական խոսակիցը լինել և մեր մտահոգություններն արծարծել՝ իրեն փրկելու համար, Հայաստանը փրկելու համար։ Եթե ես չեմ կարողանում իրա հետ հանդիպեմ և խոսեմ, պետք է հրապարակով խոսեմ, բա ի՞նչ պետք է անեմ։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք դիմել եք, Ձեզ մերժե՞լ են հանդիպել։

Մարգարյան. - Չեն մերժել, բայց չեն ընդառաջել, բայց էս տեսակ է էս պետական համակարգը՝ անկազմակերպվածության մարմնացումը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ