«Հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»: Այս մասին ասված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում նախատեսված մամլո ասուլիսի տապալման կապակցությամբ:
Այսօր ավելի վաղ «Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով ներխուժել էին բիզնես-կենտրոն և բարձրացել այն սրահը, որտեղ տեղի էր ունանալու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ այն այդպես էլ չկայացավ։
«Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:
Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում: Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերրի վերաբերյալ:
Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»,- նաև նշված է հայտարարության մեջ:
Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:
Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: