«Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը

«Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության անդամներն այսօր տապալեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Լրատվամիջոցների հետ նշանակված հանդիպումից րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները ճեղքեցին անվտանգության աշխատակիցների պատնեշը, ներխուժեցին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն և «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով բարձրացան 9-րդ հարկում գտնվող այն սրահը, որտեղ պետք է կայանար բուն միջոցառումը։

Վերևում ցուցարարների առջև դռները փակ էին, բայց նրանց մի մասը, շրջանցելով անվտանգության աշխատակիցներին, պատշգամբից մուտք գործեց սրահ ու բացեց դուռը: Ներսում գտնվող լրագրողները կազմուպատրաստ սպասում էին երկրորդ նախագահին, սակայն նրա փոխարեն սեղանին դրված միկրոֆոններին մոտեցան երիտասարդ ակտիվիստները, շարունակելով իրենց վանկարկումները։

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղում բողոքի ակցիա իրականացրեց՝ իրեն բնորոշ ձևով պառկելով գետնին։ «Մարտի 1»-ի զոհերի նկարներով պաստառը կրծքին սեղմած՝ ակտիվիստը հայտարարեց․ «Քոչարյանը թող գա, բացատրություն տա: Ես չեմ խանգարելու: Ու թող էդ փաստաբաններն իրենց բացատրությունները տան, որ իմ հարազատներց 10-ի մարդասպանն անձեռնմխելի ա»,- ասաց Գասպարին:

Ինքնաբուխ հավաքի մասնակիցները պնդում էին՝ իրենք համաձայն չեն վերաքննիչ դատարանի երեկվա որոշման հետ: Ըստ նրանց՝ Քոչարյանը պետք է կալանավորվի, քանի որ նա է մարտիմեկյան արյունալի իրադարաձությունների հիմնական պատասխանատուն։

Հիշեցնենք՝ վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքն ու վերացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ըստ Քոչարյանի պաշտպանների, այդ որոշման հիմքում դատարանը դրել էր երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը։

Մարտականորեն տրամադրված ակտիվիստները, մինչդեռ, ասում են՝ Քոչարյանի ցանկացած մամլո ասուլիս տապալելու են, քանի որ ժողովուրդը չի ուզում լսել նրա խոսքը։ «Ի՞նչ պետք ա ասի էդ ցինիկը, պետք ա ասի, որ խփել եմ՝ լա՞վ եմ արել: Եթե ասելիք ունի, թող գնա ու դատարանի առաջ ասի»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Ասուլիսի տապալումից հետո ակտիվիստների մեծ մասը լքեց սրահը։ Նրանք հենց տեղում քննարկեցին ու որոշում կայացրին՝ գնում են գլխավոր դատախազություն՝ այդ կառույցին իրենց աջակցությունը հայտնելու, նաև պահանջելու, որ դատախազությունը բողոք ներկայացնի վճռաբեկ դատարան՝ երկրորդ նախագահին կրկին կալանավորելու հարցով։

Արդեն գլխավոր դատախազության առջև ցուցարարներին մոտեցավ հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա հայտնեց, որ այժմ սպասում են վերաքննիչի որոշմանը, որպեսզի «դրան համահունչ» բողոք ներկայացնեն։ Դատախազության պաշտոնյան չմեկնաբանեց Հատուկ քննչական ծառայության՝ երեկ տարածած հայտարարության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, թե «վերաքննիչի որոշումն ապօրինի է»։ «Ազատությունը» Մուրադյանից հետաքրքրվեց՝ արդյոք մտավախություն չկա՞, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը հայտարարությունների և մամուլի ասուլիսների միջոցով կարող է ազդել քննության ընթացքի վրա։

«Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորումը որպես խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել, և դատաախազությունը հետ չի վերցրել այն, դա նշանակում է, որ այնտեղ ներկայացված հիմքերը եղել են հարգելի հիմքեր»,- պատասխանեց Վահագն Մուրադյանը:

Վերջինիս հետ հանդիպումից հետո ակտիվիստները չհեռացան։ Կրկին արագ քննարկում արեցին ու որոշեցին՝ գնում են Բարձրագույն դատական խորհրդի առջև շարունակելու բողոքի ակցիան, քանի որ վստահ են՝ վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը քննում էր Քոչարյանի պաշպանների բողոքը, օբյեկտիվ չի գործել։ Ակտիվիստները հիշեցնում էին՝ Ազարյանը 5 տարի աշխատել է նախագահ Քոչարյանի աշխատակազմում։

Դատախազությունը պատճառներ չի տեսել դատավոր Ազարյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, ասաց դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը։ Մինչդեռ «Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության ակտիվիստները հակադարձում են՝ այստեղ շահերի բախումն ակնհայտ է: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ակտիվիստները ստորագրահավաք նախաձեռնեցին և փաստաթուղթը փոխանցեցին արդարադատության նախարարությանն ու գլխավոր դատախազությանը։