«Չէի հանձնարարի, որ գործը վարեր մի մարդ, որն աշխատել է Քոչարյանի կաբինետում». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյան, արխիվ

«Ես չէի հանձնարարի, որ այդ գործը վարեր մի մարդ, որն աշխատել է Քոչարյանի կաբինետում», - «Ազատության» հետ զրույցում՝ ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ սա ինքը շահերի բախում է համարում։

«Ազատություն». - Վերաքննիչ դատարանը վերացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Պարոն Բարսեղյան, Ձեզ համար սպասե՞լ էր Վերաքննիչ դատարանի այսպիսի որոշումը։

Բարսեղյան. - Միանշանակ ասել չեմ կարող, ես թերևս 10 օր առաջ մեկ հրապարակային հայտարարություն կամ հոդված արեցի այն մասին, որ հիմա Վերաքննիչ քրեականի նախագահ Ռշտունու ձեռքում է ամեն ինչ, ինքը՝ կախված իր մտադրություններից, կարող է նշանակել այնպիսի դատավոր, որը կարող է լինել անկախ, ինչպիսիք շատ քիչ են Հայաստանում։ Ես չգիտեմ իր տրամադրության տակ արդյո՞ք եղել են այդպիսի դատավորներ, թե՞՝ ոչ, կամ կարո՞ղ է նշանակել մեկին, որը բազմաթիվ թուլություններ ունի։ Պետք է հիշենք, որ բոլոր այդ դատավորները դատավոր են դարձել Քոչարյան Ռոբերտի և Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Այսինքն՝ էդ ծանր բեռը, փաստորեն, իմ խորը համոզմամբ, Ռշտունին տանել չկարողացավ։ Ես հիմա կարծում եմ, որ սկսվեց Ռշտունու և Ազարյանի կարիերայի մայրամուտը, որն ավելի շատ սպասելի էր։

«Ազատություն». - Մենք ականատես եղանք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով, ՀԱՊԿ քարտուղարի հարցով Ռուսաստանը բավական կոշտ հայտարարություն արեց։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս զարգացումները նաև ինչ-որ չափով ազդել են այս որոշման վրա։

Բարսեղյան. – Ես կարծում եմ, որ դրանք չեն ազդել Ռշտունու և նրա ենթակայի վրա։ Ռշտունու վրա գուցե ազդել է իր անձնական կապերը նախկին մի շարք պաշտոնյաների հետ, իսկ ենթակայի վրա իր մասնագիտական կենսագրությունը, Քոչարյանի կաբինետում աշխատած լինելը, եթե կենսագրությունը նայեք, ինչ-որ տեղ կարելի է նաև շահերի բախում համարել։ Օրինակ, եթե ես տեսնեի, որ կենսագրության մեջ նման կապակցություն է եղել, երբեք ես նրան այդ գործը չէի հանձնարարի, եթե լինեի Ռշտունու տեղը՝ չէի հանձնարարի, որ այդ գործը վարեր մի մարդ, որն աշխատել է Քոչարյանի կաբինետում, քան թե Ռուսաստանի դիրքորոշումը։

«Ազատություն». - Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ մեկնաբանելով նաև հակադարձելով իր հետ չհամաձայնող տարբեր քաղաքացիների, կամ փաստաբանների, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող անձեռնմխելիությունից օգտվել, հարց ուղղեց, ասաց՝ եթե կարող է պատասխանատվության, կամ քրեական հետապնդման ենթարկվել, ապա արդյո՞ք չպետք է գործեր այն ընթացակարգը, երբ այդ որոշումը պետք է մտնի Ազգային ժողով և նաև ստանա Ազգային ժողովի համաձայնությունը։

Բարսեղյան. – Ես չեմ կարծում, թե մեր օրենսդրության մեջ ինչ-որ ընթացակարգ կա Ազգային ժողովով նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու, բայց ավելի զարմանալի և զվարճալի է, թե ինչպես էր նա հիմնավորում, հիշենք, Քոչարյանի ժամանակ է ընդունվել դա՝ «իր պաշտոնական դիրքից բխած գործողությունների համար չպետք է հետապնդվի», դա Քոչարյանի ժամանակ արվեց և գուցե հենց այսպիսի հեռանկարի համար, այս մասին անցյալում էլ, էս վերջերս էլ հանրությունը մտահոգություն հայտնել է, թե դրանով փորձում է զրահաշապիկ հագցնել Քոչարյանին։ Պարոն Սահակյանի էդ հիմնավորումները, մեղմ ասած, շատ անլուրջ և զվարճալի են, որովհետև նկարագրողներն էլ էին համանման հարցեր տալիս, ինչից ինքը վիրավորվում էր, որ «չհասկացանք, որ եթե մարդը էդ պաշտոնը զբաղեցրել է և որևէ հանցագործություն է կատարել, ուրեմն ի՞նչ, այլևս ցմահ ինքը չի՞ հետապնդվելու»։ Մարդը կոնկրետ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, և բավականաչափ հստակ հիմնավորումներ կան և ապացույցներ նույնպես կան։ Մի կողմից էլ ես ուրախ եմ, որ փաստաբանները կարողացան ինչ-որ բարձր վճարվող աշխատանք ունենալ այս կարճ ժամանակահատվածում, ու դեռ երկար ժամանակ վճարվելու են։

«Ազատություն». - Երկրորդ նախագահը խափանման որևէ միջոց չունի և երկրից դուրս գալու որևէ սահմանափակում չկա։ Ի՞նչ եք կարծում, Քոչարյանը կմեկնի՞ արտերկիր։

Բարսեղյան. - Կարծում եմ, որ Քոչարյանի մերձավոր շրջապատի շահագրգռության մեջ է, որ Քոչարյանը քիչ խոսի, կամ չխոսի, հնարավորինս քիչ ցուցմունք տա։ Չի բացառվում, որ մարդն իսկապես որոշի, որ շատ է հոգնել, գնա մի տեղ որսորդությամբ զբաղվի։ Կարծում եմ, որ ՀՔԾ-ն կդիմի, կվիճարկի Վճռաբեկ դատարանում, այնտեղ չեմ կարծում թե կանխորոշված մենք կարող ենք ասել, թե այս վերաքննիչի որոշումը կթողնեն ուժի մեջ, գուցե և կբեկանեն և նորից գործը կուղարկեն քննության։

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հայաստանի երկրորդ նախագահն ազատության մեջ է։