Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակումից հետո «Ազատությունը» զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2008֊ի մարտի 1-2֊ի իրադարձությունների զոհերից 9֊ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։
«Ազատություն». ֊ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել դատարանի որոշումը։
Վահե Գրիգորյան. ֊ Ես չեմ տեսել որոշումը, ես ծանոթ չեմ դրա տեքստին։ Ծանոթ եմ պարոն Սահակյանի մեկնաբանությանը այդ կապակցությամբ, համաձայն որի մեղադրյալ Քոչարյանի վերաբերյալ կալանքի որոշումը վերացվել է իր անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հիմքով։
Ճիշտն ասած, սա բավականին անսպասելի որոշում էր։ Եթե իսկապես որոշումը այդպիսին է և դրա հիմքը մեղադրյալ Քոչարյանի թվացյալ անձեռնմխելիության իրավունքն է, ապա մենք գործ ունենք մի աննախադեպ իրողության հետ, որ Հայաստանի հանրապետության դատական իշխանությունը այս պահի դրությամբ հաստատված է համարում, որ Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգության նկատմամբ կարող է անձեռնմխելիություն տարածվել հենց նույն Սահմանադրությամբ։
Ես ավելի մանրամասն մեկնաբանություններ կտամ, երբ որոշման տեքստին ծանոթ կլինեմ, բայց ինքնին արդեն այսպիսի հիմքով սահմանադրական կարգի տապալման արարքի մեջ մեղադրանքի տակ գտնվող անձի նկատմամբ անձեռնմխելիություն տարածելը շատ կարևոր ցուցիչ է, թե ինչպես են դատավորները հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգը առհասարակ։
Բայց այստեղ կա նաև խնդրի երկրորդ կողմը, որի վրա ես հատկապես հեռուստադիտողների ուշադրությունը կդարձնեի։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսպիսի պաշտպանություն ներգրավվել է մի անձ, որը 10 տարուց ավելի եղել է Հայաստանի Հանրապետության գլուխը, մի անձ, որի սահմանադրական պարտականությունն է եղել Սահմանադրության պահպանումը։ Այլ խոսքով, իր անձնական ազատության անհատական շահի հետապնդման ճանապարհին նա պատրաստ է անտեսել սահմանադրական կարգի պաշտպանության հանրային շահը։ Սա շատ կարևոր էլեմենտ է։ Եվ ես հույս ունեմ, որ վճռաբեկ դատարանում այս հարցը շատ ուղիղ ձևով մեղադրյալ Քոչարյանի թիմին տրվելու է։ Այսինքն՝ արդյո՞ք որևէ մեկը կարող է օգտվել անձեռնմխելիությունից՝ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարելիս։ Եվ եթե դրա պատասխանը դրական է, նշանակում է՝ մենք ունենք մի մեղադրյալ, որի անձնական բարոյական որակները նրա համար որևէ արգելք չէին կարող հանդիսանալ այն արարքի կատարման համար, որը նրան մեղսագրվում է։
Այս պահի դրությամբ այսքանով կսահմանափակվեմ։ Հույս ունեմ, որ վճռաբեկ բողոք կբերվի դատախազության կողմից և հույս ունեմ, որ վճռաբեկ բողոքում այս հարցը ավելի մանրամասն քննարկվելու է։
Վահե Գրիգորյան. - Այս պահի դրությամբ ես, անսպասելի լինելուց զատ, որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Ինձ համար ավելի անսպասելի է պատճառաբանությունը դատարանի։ Սա ամենավտանգավոր պատճառաբանությունն է, որ կարող էր հնչել Հայաստանի սահմանադրական կարգի նկատմամբ։
«Ազատություն». - Քանի որ, ինչպես նշեց փաստաբանը, խափանման միջոցը վերացնելիս հաշվի է առնվել երկրորդ նախագահի անձեռնմխելիությունը, կարելի՞ է ասել, որ փաստորեն, ըստ դատարանի, այն գործողությունների համար, որոնք, ըստ մեղադրանքի մեղսագրվում են Ռոբերտ Քոչարյանին, փաստորեն երկրորդ նախագահը օգտվում է անձեռնմխելիությունից այդ դեպքում։ Այդպե՞ս է ստացվում։
Վահե Գրիգորյան. - Ճիշտն ասած, որքանով ես հասկացա, այս դատարանը արդեն դուրս է եկել կալանքի վերաբերյալ միջնորդության մասին կայացրած որոշման օրինականության ստուգման շրջանակներից և արդեն սկսել է, ըստ էության, մեղադրանքի հարցերին անդրադառնալ։ Ես հուսով եմ, որ այս հանգամանքի վրա ուշադրություն է դարձնելու նաև վճռաբեկ դատարանը, եթե վճռաբեկ բողոք կբերվի։ Իհարկե, եթե դատական իշխանության բոլոր ատյանները ունենան այն կայուն դիրքորոշումը, որ անձեռնմխելիությունը տարածվում է նաև սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի նկատմամբ, այդ դեպքում մենք պիտի փաստենք, որ մենք ունենք այնպիսի դատական իշխանությունը, որը ինքն իրենով արդեն վտանգ է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ։
«Ազատություն». - Երկրորդ նախագահի փաստաբաններից պարոն Սահակյանը այսպիսի մի հարց ուղղեց քննադատներին, նշելով, որ եթե երկրորդ նախագահը չի օգտվում անձեռնմխելիությունից, այդ դեպքում հարց է առաջանում, չպե՞տք է արդյոք լիներ ընթացակարգ, օրինակ՝ Ազգային ժողովի քվեարկություն, ինչպիսին գործում է պատգամավորների դեպքում՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար։ Եվ քանի որ նման ընթացակարգ չկա, նրա հաջորդ միտքն այնպիսին է, որ սա արդեն նշանակում է, որ առհասարակ երբևէ որևէ նախագահ չի կարող զրկվել անձեռնմխելիությունից։ Դուք սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
Վահե Գրիգորյան. - Սա իրականում բացատրություն չէ։ Սա ի բնե սխալ մոտեցում է։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի նկատմամբ առհասարակ անձեռնմխելիություն չի տարածվում, որպեսզի դրանից զրկելու կամ չզրկելու հարց բարձրանա։ Իշխանության յուրացման մեղադրանքի վրա չի կարող տարածվել անձեռնմխելիության վերաբերյալ դրույթի գործողությունը, որպեսզի անձեռնմխելիությունից չզրկելու հարց առաջանա։ Կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի խախտման դեպքում՝ քրեական մեղադրանքի դեպքում, չի կարող տարածվել այդ անձեռնմխելիությունը, որպեսզի դրանից զրկելու կամ չզրկելու հարց առաջանա։ Մոլորությունը գալիս է նրանից, որ մարդիկ մտածում են՝ այդ անձեռնմխելիությունը ինքնին գոյություն ունի ամեն ինչի համար։ Ես ակնհայտորեն սրանում նկատում եմ բավականին հին և խորը արմատացած սովետական իրավագիտակցության մնացորդներ։ Այդպիսին չի կարող լինել։ Իրավական պետությունը, որը հռչակել է իրավունքի գերակայություն, չի կարող հանդուրժել սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններից որևէ մեկի անձեռնմխելիությունը։ Սա սկզբունքային խնդիր է, որը այս հակասող մեկնաբանությունների, վեճի հիմքում է ընկած։ Ըստ էության ոչ մեկը չպետք է դիմի ընթացակարգի այդ անձեռնմխելիությունից զրկելու համար, բոլորը պիտի իմանան, որ ոչ ոք չունի անձեռնմխելիություն Սահմանադրությամբ նախատեսված հանցագործությունից։ Այլապես ի՞նչն է իմաստը Սահմանադրությամբ նախատեսել, որ կոնկրետ այդ արարքը հանցագործություն է և առավել ևս՝ հանցագործության մասին նշումը կատարել Սահմանադրության անփոփոխ հոդվածում, որը փոփոխել չի կարող նույնիսկ իշխանության տերը՝ ժողովուրդը։ Այսինքն, սա սահմանադրական իրավունքի բազային գիտելիքների բացակայության մասին վկայություն է թե՛ կոնկրետ որոշումը կայացրած դատավորի մոտ, թե՛ ընդհանրապես այս ողջ դիսկուսի այն մասնակիցների մոտ, որոնց թվում է, որ սահմանադրական մի տեխնիկական նորմը կարող է գերակայել Սահմանադրության հիմունքների և սահմանադրական կարգի հիմունքները նախատեսող նորմերի նկատմամբ։
«Ազատություն». - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վերաքննիչ քրեական դատարանը, որը պետք է քններ փաստաբանների միջնորդությունը չպետք է անդրադառնար այս հարցին։
Վահե Գրիգորյան. - Ընդհանրապես այս հարցը չպիտի լինի նաև մեղադրանքի ժամանակ։ Սա այնքան պարզ, դասագրքային, բազային սահմանադրական իրավունքի գիտելիք է, որ նման հարց ընդհանրապես չէր կարող բարձրանալ։ Ես հասկանում եմ, որ պաշտպանության կողմը, իր պաշտպանյալի շահերի առավելագույն պաշտպանության դիտանկյունից այս հարցը բարձրացրել է, և ես ապշում եմ, որ դատավորը դա հիմք է ընդունել իր որոշումը կայացնելիս։ Եվ ես, կներեք, դժվարանում եմ հավատալ, որ դատավորը չի հասկացել, որ անձեռնմխելիություն չի կարող տարածվել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի վրա։ Եվ ոչ էլ ես կարող եմ հեշտությամբ հավատալ, որ նրա երկարամյա և բավականին պատվաբեր փորձը, որոշ բացառություններով հանդերձ, ավելի օգնում է, որպեսզի մարդիկ հավատան, որ նա չի հասկացել այս ամենը։ Ես չգիտեմ որն է եղել իրականում իր համոզմունքի հիմքը, բայց ես կարծում եմ, որ վճռաբեկ դատարանը սրան վճռական մոտեցում կդրսևորի։ Խոսքը չի վերաբերում այլևս մեղադրյալ Քոչարյանի անհատական իրավունքների պաշտպանության կամ առհասարակ՝ Մարտի 1-ի գործի կոնտեքստով չի սահմանափակվում։ Սա ամենավտանգավոր ականներից մեկն է, որ դրվում է սահմանադրական կարգի տակ։ Այլ խոսքով, Հայաստանի դատական իշխանությունը, այսպիսի որոշումը ուժի մեջ թողնելու դեպքում, մեզ չի ասում այլ բան, քան, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ, իշխանության իրականացման կարգի նկատմամբ վտանգավոր ոտնձգությունների նկատմամբ այն անձանց կողմից, ովքեր ունեն առավելագույն հնարավորությունը այդ ոտնձգությունները կատարել, ունեն անձեռնմխելիություն։ Սա արժանի պատասխանի և արձագանքի կարիք ունի։ Այսպիսի հիմնավորումները լրջագույն արձագանքի կարիք ունեն վերադաս դատարանի կողմից։