Լոռու մարզում պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի մինչև մեկ տոկոս հանգանակությունների հաշվին գործող երեք հիմնադրամներն էլ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամների կասկածելի գործողությունների մասին ոստիկանությունը հաղորդումներ է ստացել թե՛ բժիշկներից, թե՛ մանկավարժներից։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
«Լոռու առողջապահություն» հիմնադրամի ուսումնասիրությունից հետո՝ քրեական գործ է հարուցվել։ «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների գործերով ոստիկանությունը դեռ նյութեր է նախապատրաստում։ Վերջին երկու հիմնադրամների ֆինանսական միջոցները գոյացել են կրթության և մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձից կատարված հանգանակություններից. անկախ նրանից՝ այդ հաստատությունները մարզպետարանի, համայնքապետարանների, թե նախարարությունների ենթակայության տակ են գործում։
«Մենք ստուգում ենք և ստուգելու ենք, թե ինչ հիմունքներով են մեր հարգելի մանկավարժների ու բուժաշխատողների աշխատավարձերից պահումներ կատարել, և արդյոք այդ հավաքված գումարներից հիմնադրամը կատարել է յուրացումներ, չարաշահումներ, թե ոչ»,-ասաց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
2000 թվականից մոտ 10 տարի Վանաձորի թիվ 8 դպրոցը ղեկավարած Կարինե Ստեփանյանը նշում է, որ այդ տարիներին հիմնադրամին տարեկան 100-ական դրամներ վճարել են նաև բոլոր աշակերտները։ Պնդում է՝ ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ աշակերտները իրավունք չեն ունեցել հրաժարվելու այդ վճարումներից։
«Մենք վճարումները կատարել ենք, որովհետև մենք չէինք կարող չվճարել, դա հղի էր հետևանքներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարինե Ստեփանյանը։
Դպրոցի նախկին տնօրենը նշում է, որ տարիներ շարունակ 51 աշխատող ունեցող դպրոցը տարեկան ավելի քան 350 հազար դրամ է փոխանցել հիմնադրամներին։ Մինչդեռ, նրա խոսքով՝ չնչին աջակցություն են ստացել իրենց հանգանակություններից գոյացած գումարներից։
Առողջապահական հիմնադրամի աշխատակիցներն այլևս վճարումներ չեն կատարում։
Օրերս փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց, որ արդեն հիմնադրամի լուծարման գործընթաց է տեղի ունենում։ Մինչդեռ, ըստ պատասխանատուների՝ մյուս երկու հիմնադրամներին դեռևս վճարումներ կատարվում են։
Անցած շաբաթ Վանաձորի դպրոցների տնօրենները մարզպետի մոտ խորհրդկացության ժամանակ հարց բարձրացրին՝ ինչպե՞ս վարվել այսուհետ՝ մարզային իշխանությունից սպասելով համապատասխան հրահանգի։ Մարզպետ Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ դրանք գործում են կամավորության սկզբունքով՝ նշելով, սակայն, որ այդ հիմնադրամները նաև օգտակար են: «Չէ՞ որ խնդիրներ են առաջանում, որոնք դրանցով ենք կարգավորում»,-ասաց Լոռու մարզպետը։
Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանն «Ազատությանն» ասաց, որ այսօրվա դրությամբ դպրոցի որևէ աշխատակից չի հրաժարվել երկու հիմնադրամներից յուրաքանչյուրին աշխատավարձի կես տոկոսի չափով վճարել։ Ուսումնական տարին սկսելուց հետո ժողով կհրավիրեն ու հարցը կքննարկեն, բայց մինչ այդ կարծիք հայտնեց, թե հիմնադրամներն իրենց օգուտ են տվել։
Լոռու մարզպետարանի կրթության վարչությունից տեղեկացրին, որ այսօրվա դրությամբ որևէ դպրոց պաշտոնապես չի հրաժարվել վճարումներ կատարել հիմնադրամներին։
Նշենք, որ երեք հիմնադրամներն էլ գործել են Լոռու մարզպետարանում և ղեկավարվել մարզային իշխանությունների կողմից։