Երևանցիները շարունակում են պնդել՝ դժգոհ են «Սանիթեք»-ի աշխատանքից

Թեև մայրաքաղաքի աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ն անցած շաբաթ տուգանվեց 12 միլիոն դրամով, սակայն ընկերության աշխատանքում գրեթե ոչինչ չփոխվեց։ Երևանցիները շարունակում են պնդել՝ դժգոհ են «Սանիթեք»-ի աշխատանքից։

Պարզելու համար, թե ինչպիսին է իրավիճակը քաղաքում, «Ազատություն»-ն այցելեց Երևանի մի քանի վարչական շրջաններ։ Էրեբունիում, Շենգավիթում, նաև Նորագավիթում տեսանք փողոցներում ու բակերում մինչև վերջ լցված աղբամաններ։ Բնակիչներն ասացին՝ աղբը շաբաթով կուտակվում է, գարշահոտությունը՝ տարածվում, իսկ «Սանիթեք»-ի մեքենան 10 օրը մեկ է իրենց այցելում։

«Շաբաթը մեկ են տանում, սա խոլերայի բուն է։ Էրեխեքը վարակվում են սրանից, սա լա՞վ բան է, սա անելո՞ւ բան է», - ասաց բնակիչներից մեկը։

Նորագավիթի եկեղեցու կողքին նույն տեսարանն էր. պարսպի հարևանությամբ դրված աղբամանները լցված էին մինչև վերջ, աղբը կուտակված էր նաև դրանց կողքին։

Հանդիպեցինք նաև մի բնակչի, ով զբաղվում էր աղբահանության համար գանձվող գումարների հավաքմամբ։ Նա ասաց՝ մարդիկ արդեն հրաժարվում են վճարել ամսական վարձերը։

«Աղբի գումարն եմ գանձում ժողովրդից։ Դժվարությամբ են տալիս, շատ ժամանակ չեն տալիս, ասում են՝ զիբիլը ժամանակին չեն գալիս տանեն, օրերով մնում, հոտում է։ Ասում են՝ եթե մեն պետք է տանենք, ուրիշ տեղ թափենք, էլ ինչո՞ւ ենք գումար վճարում», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Հուլիս ամսվա ծառայություններում արձանագրված թերացումների համար մոտ 12.5 միլիոն դրամով տուգանված «Սանիթեք»-ից այսօր կրկին հրաժարվեցին հարցազրույց տալ։

Ընկերությունից տեղեկացրեցին՝ տնօրենը երկրում չէ, իսկ նրան փոխարինող գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանը՝ զբաղված է։

Մամուլի հետ աշխատող Քրիստինա Հովհաննիսյանը միայն ասաց՝ տուգանքն ընդունել են ի գիտություն և փորձում են թերությունները վերացնել, հուսով են, որ խնդիրն արագ կկարգավորվրի: