«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները կառավարությունից պահանջում են աշխատելու հնարավորություն ստեղծել

Ակտիվիստները փակել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, տեխնիկան կանգնած է և չի աշխատում, արխիվ

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր կառավարության շենքի առջև պահանջում էին բացել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը և թույլ տալ շարունակել իրենց աշխատանքը։

Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն 53 օր փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները: Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի:

«Լիդիան Արմենիայի» աշխատակից Մխիթար Արշակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արդեն 3 անգամ նամակ են ուղարկել վարչապետ Փաշինյանին և հարց ուղղել՝ ինչու՞ իրենք չեն շարունակում իրենց աշխատանքը։ Արձագանք չստանալով, որոշել են գալ և անձամբ հանդիպել վարչապետի հետ։

«Պարոն Փաշինյանը երբ Ջերմուկ այց էր կատարել, նա մեզ ուղղորդեց հանգստի, որ մենք այլ քայլեր չձեռնարկենք։ Նույնը ասեց նաև ցուցարարներին, բայց ցուցարարները ճանապարհը չբացեցին, իսկ մենք մեր խոստումը պահեցինք։ Հիմա համբերության բաժակը լցվել է, ու չենք կարող էլի սպասել»,- ասաց Մխիթար Արշակյանը:

Ցուցարարներին այսօր ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Վերջինս ցուցարարներին խնդրեց սպասել մինչև կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ավարտի իր ուսումնասիրություններն Ամուլսարում ու եզրակացություն տա: «Մենք պետք է հասկանաք, որ այդ խնդիրը չի լուծվելու բռնությամբ։ Լուծումը պետք է լինի խաղաղ։ Մենք սպասում ենք կառավարության ստեղծած աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներին»,- ասաց փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:

Ցուցարարները համաձայնեցին սպասել եզրակացության արդյունքներին։ Մինչդեռ Ամուլսարի հանքի շահագործման դեմ տևական ժամանակ պայքարող քաղաքացիներից Վազգեն Գալստյանն ասում է՝ անկախ փորձագիտական խմբի եզրակացությունից՝ կարևոր է հանրային կարծիքի գերակա լինելը: «Մենք բնակիչներով, որպես համայնք, չենք ուզում, որ տնտեսական ուղղվածությունը տուրիզմից փոխվի հանքարդյունաբերություն»,- ասաց Գալստյանը։

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ընկերությունը խոշոր վնասներ է կրել․ աշխատանքներ չիրականացնելու պատճառով ստիպված են եղել մոտ հինգ հարյուր աշխատակցի կրճատել։ «Աշխատանքներ չենք իրականացնում, և ընկերությունը չի կարող որոշ զանգվածի պահել: Եթե այս վիճակը շարունակվի, ևս մի քանի ալիք կրճատումներ կլինի»,- ասաց Ստեփանյանը։

Օրեր առաջ, «Ազատության» եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ասել էր՝ «Եթե կլինի թեկուզ մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ՝ հանքի շահագործումը դադարեցնելու համար: Բայց եթե չլինի նման փաստարկ, ես կարծում եմ՝ միգուցե կան նախապայմաններ, որ պետք է «Լիդիան» ընկերությունը բավարարի, որպեսզի բոլոր ռիսկերից ձերբազատվենք, և պետք է հասկանալ՝ այդ դեպքում նախապայմանները որոնք են»։

Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ Ամուլսարում իրականացվող ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից: Նա վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի: