Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կալանավորի մահվան դեպքի առթիվ:
«Օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ասված է հաղորդագրությունում: