Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների համար նախընտրելի տարբերակ է ընտրություններին «Ելք» դաշինքի ձևաչափով հանդես գալը, և այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Փաշինյանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հնարավոր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը դաշինքով մասնակցի, միաժամանակ՝ չի բացառել, որ «Ելք»-ի ձևաչափը չպահպանվի, և ՔՊ-ն բոլորովին այլ դաշինքով հանդես գա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը այդ կապակցությամբ ասաց․ - «Անկախ իրենց կայացրած որոշումից՝ մենք դրան հարգանքով ենք վերաբերվելու, և անկախ նրանից, թե ինչպիսի այլ ուժեր ներգրավվեն՝ մենք «Քաղաքացիական պայմանագրին» համարում ենք մեր գործընկեր կուսակցությունը»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե աներկբա է, որ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուով հանդես կգան: «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ «Դա աներկբա է, որ մեր թեկնածուով պետք է մասնակցենք։ Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է և փայլուն հասարակական գործիչ և փայլուն մենեջեր, և այդ մասին քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն», - ասել է վարչապետը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու են ձգձգվում «Ելք» դաշինքով հանդես գալու շուրջ քննարկումները, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները նախընտրելի տարբերակ են համարում «Ելք»-ի ձևաչափով հանդես գալը, Փաշինյանն արձագանքել է. - «Մենք մշտական հաղորդակցության մեջ ենք, և մենք, էնպես չի, որ ինչ-որ բան իրարից թաքցնում ենք, մենք շատ անկեղծ, շիտակ խոսում ենք էդ թեմաների մասին։ Մենք գիտենք իրենց դիրքորոշումները, իրենք գիտեն մեր դիրքորոշումները: Մենք նրանց առաջարկ ենք արել, նրանք պիտի էդ առաջարկը քննարկեին, հետո մի մասը ընդունելի չի եղել, հետո, և էդպես»։
«Ազատություն»-ը այսօր Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ եթե «Ելք»-ի ձևաչափը պահպանվի, մտադի՞ր են արդյոք սատարել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին: Խաժակյանն ասաց՝ նախ պետք է որոշվի դաշինքով հանդես գալու հարցը, իսկ հետո արդեն կքննարկեն թեկնածուի հարցը, որի մասին խոսելը դեռ վաղ է։ Սակայն եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրությունների գնա առանձին ցուցակով և դաշինքի ձևաչափը չպահպանվի, «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները պատրաստ են առաջադրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
«Այդ ուղղությամբ մեր քննարկումները ավելի են հստականում, և կարծում ենք, որ պարոն Զեյնալյանը շատ լավ թեկնածու կլինի, մշակման փուլում է արդեն նախընտրական ծրագիրը, որը, եթե «Ելք» դաշինքի ձևաչափը պահպանվի, կծառայի «Ելք» դաշինքի ձևաչափին, եթե ոչ, ապա մենք և «Հանրապետություն» կուսակցությունը հանդես կգանք այդ ծրագրով։ Այս առումով՝ մենք չենք շտապեցնում նաև մեր գործընկերներին որոշումների կայացման հարցում, բայց և չենք էլ հապաղում մեր կատարվող աշխատանքներում, տեսնում եք՝ շտաբեր ենք բացում, պատրաստվում ենք, ծրագիր ենք գրում, որպեսզի ընտրություններին կարողանանք ըստ արժանվույնս մասնակցել», - ասաց Դավիթ Խաժակյանը։
«Ելք» դաշինքում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, դաշինքը խմբակցություններ ունի Ազգային ժողովում և Երևանի ավագանիում:
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ժառանգություն» կուսակցությունը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Թե ով կգլխավորի կուսակցության ցուցակը և ինչպիսի ձևաչափով հանդես կգան ընտրություններին, կորոշվի հաջորդ շաբաթվա ընթացքում։
Թեև Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռ հստակեցված չէ, սակայն մի շարք կուսակցություններ արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ Կուսակցությունը որոշել է սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել միայնակ։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում կառաջադրի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, Հայոց համազգային շարժման ցուցակի առաջին հորիզոնականը կզբաղեցնի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: ՀՅ Դաշնակցությունը դեռ անուններ չի հրապարակում, բայց ընտրություններին մասնակցելու տրամադրվածություն ունի։ Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը դեռ շարունակում է քննարկել, «Ազատությանը» ասաց կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նախկին իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, մինչ այս պահը չի հստակեցնում՝ կմասնակցեն ընտրություններին, թե՝ ոչ։ «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Երևանն արդեն մեկ ամիս է չունի քաղաքապետ: Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Առաջիկա շաբաթներին կառավարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր կնշանակի, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի երկրորդ կեսին։