ՔԿ․ Պարզվում են «Փյունիկ» հիմնադրամի՝ ՀՀ երրորդ նախագահին նվիրած Այվազովսկու կտավի ձեռք բերման հանգամանքները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանին, 22-ը մարտի, 2016թ․

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից Հայաստանի երրորդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավը նվիրելու վերաբերյալ, որից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ կտավը հափշտակված է, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2011 թվականի հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կտավի ձեռք բերման աղբյուրը, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը և տնօրենը Լևոն Սարգսյանն է՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:

Լևոն Սարգսյանը և նրա զավակները վերջերս հարուցված այլ քրեական գործերում ևս ներգրավված են: